Բաժիններ՝

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը փոխում է անունը և ընդլայնում գործունեությունը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ-UITE)՝ որպես Հայաստանի 80-ից ավելի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների խոշորագույն բիզնես ասոցիացիա, ընդլայնում է իր գործունեությունը՝ ներառելով առաջատար տեխնոլոգիաների ոլորտը:

Ինչպես տեղեկացնում են միությունից, ԻՏՁՄ-ն այժմ կկոչվի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ-UATE):

ԱՏՁՄ-ի (նախկինում՝ ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրները մոտ 90%-ով համընկնում են առաջատար այլ ոլորտների խնդիրների հետ. Ինչպես, օրինակ՝ կրթության հիմնախնդիրներն ու կադրերի պատաստումը, «Հայաստանը՝ որպես բարձր տեխնոլոգիական երկիր» բրենդի առաջխաղացումը, ռազմաարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառումը, և այլն:

«Կարծում եմ, որ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ընդգրկումը մեր ասոցիացիայի մեջ՝ կուժեղացնի մեր հնարավորությունները նշված խնդիրների համապարփակ լուծման համար»,- նշում է Կարեն Վարդանյանը:

Արդեն 18 տարի է՝ ինչ Միությունն իր անդամ ՏՏ ընկերությունների ջանքերի շնորհիվ Հայաստանում ներդրում է կատարել՝ ի նպաստ ոլորտի զարգացման, շահերի պաշտպանման և գիտելիքի նկատմամբ արժեհամակարգի փոփոխման:

ԱՏՁՄ-ն, ընդլայնելով իր գործունեության ոլորտը, այժմ աշխատանքներ կուղղի նաև առաջատար տեխնոլոգիաների ոլորտի աջակցման համար և կընդունի անդամագրության հայտեր նշված ոլորտի ընկերությունների կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս