«ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի». ԵԿՄ փոխնախագահ

Երկրապահ կամավորների միությունը դեմ է ԵԿՄ-ն լուծարելուն: Այս մասին ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Նա նշեց, որ չի պատկերացնում մի դատարան, որը կլուծարի այդ կառույցը: «Այս կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա երկրապահի սրտով չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրապահը երկրի համար արեց ամեն ինչ, բայց դափնի չուզեց:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին իրադարձություններից հետո ԵԿՄ շարքերը և՛ լքողներ կան, և՛ համալրողներ: «ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի, ովքեր ակտիվությամբ աչքի չեն ընկել, նիստերին չեն մասնակցել»,-նշեց բանախոսը:

Հարցին, թե ո՞ւմ է պատկերացնում ԵԿՄ փոխնախագահը ԵԿՄ նախագահի պաշտոնում, Հայրապետյանը պատասխանեց, որ հարցը կորոշի ԵԿՄ առաջիկա համագումարը: «Ես առաջարկում եմ համանախագահություն, բայց այդ հարցը կքննարկվի համագումարի արդյունքում»,-նշեց Համլետ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորական միության անդամները հունիսի 21-ին որոշում են կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Հունիսի 19 ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային ժողովի պատգմավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նրան արդեն զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս