Պուտինը հավաստել է Թուրքիայի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական պետության ղեկավարն ընդգծել է, որ քվեարկության արդյունքները վկայում են Էրդողանի քաղաքական մեծ հեղինակության, նրա ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության լայն աջակցության մասին, որն ուղղված է Թուրքիայի առջեւ ծառացած հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաեւ նշել է ռուս-թուրքական գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը, որոնք մի քանի ուղղություններով վստահորեն հասնում են ռազմավարական մակարդակի: «Ռուսաստանի նախագահը հավաստել է պատրաստակամությունը՝ շարունակելու բովանդակալից երկխոսությունը, սերտ համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի շուրջ, ընդգծելով, որ դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների արմատական շահերին եւ եվրասիական մայրցամաքում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը»,-ընդգծել են Կրեմլում: