Փաշինյանի այցը Բրյուսել` հագեցած օրակարգով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմեկնի Բրյուսել: Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նա ասել է, որ պատրաստվում է այցելել Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն:
Նա ընդգծել է, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:
«Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա՝ ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ՝ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում, և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,- շեշտել է Ն.Փաշինյանը:
Վարչապետի բրյուսելյան այցի օրակարգը դեռ նախապատրաստական փուլում է, սակայն դատելով ՀՀ վարչապետի և ԵՄ ներկայացուցիչների վերջին երկու ամիսների ուղերձներից՝ ակնհայտ է, որ այս այցից կողմերը որոշ ակնկալիքներ ունեն: Եվրոպական կողմի ակնկալիքները շատ ավելի լուրջ են:
Մինչ հայկական կողմն իշխանափոխությունից հետո զուսպ էր իր եվրոպական ուղղությամբ «մտադրությունները» հանրայնացնելու առումով, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները դրական ազդակներ, ծրագրային ելույթներ և Բրյուսել այց էին սպասում ՀՀ իշխանություններից:
«168 Ժամի» բրյուսելյան աղբյուրների համաձայն՝ Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին:
Ըստ մեր աղբյուրների, Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի՝ ԵՄ-ն որոշել էր աջակցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների:
Սակայն, ըստ մեր զրուցակցի, այդ արարողությունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապետի, սակայն առաջիկայում` հուլիսի 4-ին, նախատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն:
«Եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա այդ օրերին: Բնականաբար, փաստաթուղթը կվավերացվի մեծամասնության կողմից, ինչպես մայիսին: Որևէ մեկը կասկածներ չունի այս առիթով, և դա դրական մթնոլորտ կստեղծի պաշտոնյաների բանակցությունների համար, որոնք նախատեսվում են հիմնականում վիզային ազատականացման և բիզնես կապերի խորացման հարցերի շուրջ:
Հիմնական շեշտը կդրվի այս ոլորտների վրա, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն անդրադառնում է քաղաքական համագործակցությանը, դրանով ամեն բան ամրագրված է, սակայն կա ակնկալիք, որ կարող են խորանալ բիզնես կապերն ու շփումները, կքննարկվեն Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության ընդլայնման հարցերը, ինչպես նաև վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկի հարցը: Կան քննարկումներ, որ մեկնարկը տրվի այս այցի ժամանակ, սակայն վերջնական որոշում դեռ չկա: Մանրամասները դեռ քննարկվում են:
Միանշանակ է, որ կա ցանկություն՝ ՀՀ վարչապետին դիմավորելու հնարավորինս ներկայանալի և լավ, քանի որ Եվրամիությունը ՀՀ ներկայիս իշխանությունների հետ համագործակցության լայն դաշտ է տեսնում, ակնկալում է, որ Եվրամիության հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն այն մակարդակի վրա, ինչ եվրոպական ներդրումներն ու աջակցությունն են ՀՀ-ին, քանի որ տարիներ շարունակ ԵՄ-ն եղել է Հայաստանին ամենամեծ աջակցություն տվող կառույցը, սակայն քաղաքական հարաբերությունների մակարդակը դրան այդքան էլ համապատասխան չի եղել:
Ուստի կա ցանկություն, որ հարաբերությունները բոլոր ոլորտներում հավասարակշռվեն: Այս իմաստով կան որոշակի հույսեր, դրական տրամադրվածություն, ԵՄ-ն պատրաստվում է խթանել ՀՀ-ում բարեփոխումների մասշտաբային գործընթացը: ԵՄ-ն հավատում է, որ այս ծրագրերը հնարավոր են, քանի որ տեղավորվում են ՀՀ վարչապետի ծրագրերի մեջ»,- ասաց բրյուսելյան մեր զրուցակիցը:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ում կարևոր են համարում, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում են, ինչպես ՀՀ-ի հարաբերությունները Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ:
«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին ղեկավար, քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ՀՀ նորընտիր իշխանությունների հարաբերությունները Եվրամիության հետ շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քանի որ կա քաղաքակրթական նմանություն:
«ՀՀ նախկին իշխանությունները հայտարարում էին, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները քաղաքակրթական ընտրություն է, բայց դա լիովին չէր համապատասխանում իրականությանը, և ներկայիս բացահայտումները դրա վառ ապացույցն են: Պետք է նշել, որ կար անկեղծ ցանկություն՝ շարունակել խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, սակայն խոչընդոտող արատավոր երևույթները, որոնց արմատները շատ խորն էին, շատ էին, որոնք անընդհատ հետ էին մղում ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Կարծում եմ` Փաշինյանի օրոք կթարմանան ՀՀ-ԵՄ հարաբերությունները, եթե բարեփոխումներ լինեն հայ-ռուսական հարաբերություններում ևս, քանի որ այդ արատավոր երևույթների շարքում կարելի է առանձնացնել հայ-ռուսական հարաբերությունների որոշ դրվագներ: Սա անհրաժեշտ նախապայման է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում արդեն իսկ արտացոլված են որոշ փոփոխություններ Ռուսաստանի ուղղությամբ, այս պահի դրությամբ, կարծում եմ, դա բավարար է, քանի որ ՀՀ նոր իշխանությունները պետք է կարողանան շարունակել Ռուսաստանի ուղղությամբ ևս դրական հարաբերությունների նախկին պրակտիկան որոշ խմբագրումներով:
Փոփոխություններ ես արդեն իսկ նկատել եմ, երբ ՀՀ վարչապետը շեշտել է առկա խնդիրների մասին, դրանք լուծելու անհրաժեշտության և, ամենակարևորը` սուվերենությունը հարգելու մասին, քանի որ նախկին հարաբերությունների հիմքում սուվերենության նկատմամբ անարգանքն էր, որով վերջին տասնամյակներին առաջնորդվում է ՌԴ իշխանությունը: Այս ամենը ՀՀ վարչապետն անում է շատ զգույշ, որպեսզի չառաջանան արտաքին քաղաքական խնդիրներ, առճակատում Ռուսաստանի հետ: Մեկնարկը դրական եմ գնահատում:
ԵՄ-ն փորձում է շնորհակալություն հայտնել Փաշինյանին երկրում տեղի ունեցած բարձր մակարդակի գործընթացների համար՝ խոստանալով ավելի մեծ աջակցություն, ավելի մեծ ծրագրեր, վիզային ազատականացում, և այլն, և այլն: Այս ամենը, բնականաբար, հնարավորություն կդառնա, եթե Փաշինյանը կարողանա հաջողել իր արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով»,- ասաց Ի. Մենագարիշվիլին:
Նրա խոսքով՝ ներկայումս իրենից մեծ խնդիր չի ներկայացնում վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկի հարցը:
«Նախկինում դրված էին որոշակի նախապայմաններ, բայց կրկին խրախուսման նպատակով կմեկնարկեն այդ բանակցությունները»,- ասաց Մենագարիշվիլին: