
Ապացուցվել է աղի մահացու վտանգը

Բոստոն քաղաքի Բրիգհեմի կանանց հիվանդանոցի ամերիկացի մասնագետներն ապացուցել են, որ մեծ քանակությամբ աղի օգտագործումը կապված է վաղաժամ մահվան ռիսկի մեծացման հետ: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Երկարաժամկետ ուսունասիրությանը մասնակցել է 30-54 տարեկան 2 հազար 974 մարդ, որոնք պրեգիպերտենզիա (զարկերակային ճնշման աննշան բարձրացում) են ունեցել:
Կամավորների կողմից աղի օգտագործման քանակությունը որոշվում էր տարբեր մեթոդների, այդ թվում՝ մեզի նմուշների անալիզի օգնությամբ, որոնք 24 ժամ հավաքել են մի քանի օրվա ընթացքում: Դա թույլ է տվել ավելի ստույգ որոշել օրգանիզմ մտնող աղի մակարդակը: Մասնակիցների վիճակին հետեւել են 24 տարի շարունակ, եւ այդ ժամանակաշրջանում մահացել է 272 մարդ: Պարզվել է, որ ուղղակի կապ գոյություն ունի աղի օգտագործման քանակության եւ մահվան ռիսկի միջեւ: