Chanel-ն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսական հաշվետվություն է հրապարակել
Chanel նորաձեւության տունն իր 108-ամյա պատմության մեջ առաջին անգամ հրապարակել է ամբողջական ֆինանսական հաշվետվություն, որը նրան առաջատարների շարքում է կարգել «լյուքս» դասի ապրանքներ արտադրողների շրջանում։ Ինչպես ասված է ընկերության հաշվետվության մեջ, նրա զուտ շահույթը 2017 թվականին կազմել է 1,79 մլրդ դոլար, ցուցանիշը տարեկան արտահայտությամբ աճել է 18,6 տոկոսով:
Հասույթն ավելացել է 11,5 տոկոսով՝ մինչեւ 9,62 մլրդ դոլար: Դա ավելին է, քան Gucci-ի եւ Hermes-ի ցուցանիշները, բայց, հավանաբար, ավելի ցածր, քան Louis Vuitton-ինը, գրում է Dow Jones-ը: Louis Vuitton-ը մտնում է LVMH խմբի մեջ, որի հասույթն անցյալ տարի հասել է 42,6 մլրդ եվրոյի. ընկերությունը ցուցանիշներ չի ներկայացնում առանձին բրենդների վերաբերյալ, բայց վերլուծաբանները Louis Vuitton-ի հասույթը գնահատում են 11 մլրդ դոլար:
«Մեր ուժեղ ֆինանսները մեզ թույլ են տալիս մնալ անկախ ընկերություն եւ կենտրոնանալ երկարաժամկետ զարգացման վրա»,-հայտարարել է Chanel-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ֆիլիպ Բլոնդյոն: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: