Ինչու են «լռում» համանախագահները. վտանգավոր իրավիճակ բանակցային գործընթացի շուրջ

«Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին՝ այն անընդհատ խորանում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում նկատվել է օպերատիվ իրադրության որոշակի փոփոխություն:

Բացի արդեն սովորական դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում կիրառվել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի: Ինպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ անձնակազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղկացած ադրբեջանական հատուկջոկատայինների խումբը հետ է շպրտվել:

Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքներում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարահետախուզական ապահովման ծառայություններն աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայնքով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

Ռուս քաղաքագետն ասաց, որ երկու հարթություններում էլ իրավիճակը լավատեսական հույսեր չի ներշնչում: Հակամարտության գոտում, Տարասովի բնորոշմամբ, տեղեկատվական պատերազմը չի դադարում, որը մեծ լարվածություն և հակամարտության բռնկման վախ է ստեղծում, իսկ երկրորդ բաղադրիչում չկա բանակցային գործընթաց` վստահության մթնոլորտ, բանակցային պատրաստակամություն, հրադադարի պահպանում, որոնք այս բանակցային գործընթացի անհրաժեշտ նախապայմաններն են:

Փորձագետի բնորոշմամբ, անհասկանալի է, թե ինչով են զբաղված համանախագահները, որոնք երկար դադարից հետո Հայաստանում ծանոթացան ՀՀ իշխանությունների հետ՝ առանց էական արձանագրումների և արդյունքների:

«Ստեղծված իրավիճակում մի շարք լուրջ հարցեր կան: Հեռակա և ուղղակի բանակցային գործընթացը փակ է հանրության համար, որից բխում են մյուս բոլոր խնդիրները: Հայտարարվում է, որ պետք         է հարգվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, իսկ Բաքուն այլ բան է պնդում, ներկայումս այս պայմանավորվածությունների կատարման մասին խոսելն արդեն ծիծաղելի է դառնում: Մնացականյանը Բրյուսելում այլ բան է խոսում, Մամեդյարովն Ադրբեջանում` մեկ այլ:

Չկան կոնկրետ թեմաներ և ընդհանրության կետեր բանակցությունների հետագայի համար, որը բանակցային գործընթացը փակուղի է մտցրել: Միակ կոնկրետությունը վերջին շրջանում արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ, որն այս փուլում անհնար է, բայց ապագայում՝ անհրաժեշտ նախապայման հակամարտության կարգավորման համար: Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին, այն անընդհատ խորանում է»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

Ռուս վերլուծաբանի համոզմամբ՝ հակամարտող կողմերը կարող են խնդիրներ ստեղծել, համաձայնության չգալ, բայց արտաքին դերակատարները պետք է թույլ չտան, որպեսզի իրավիճակը դուրս գա վերահսկողությունից:

«Վտանգավորն այն է, որ ոչ մի արտաքին դերակատարի կողմից չեմ տեսնում որևէ ջանք՝ քննարկում հրահրելու, կողմերին բանակցային սեղանին մոտեցնելու համար: Իսկ սպասելն ավելի քան վտանգավոր կարող է լինել»,- ասաց Տարասովը:

Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, ինչո՞ւ են միջնորդները պասիվ, Տարասովը պատասխանեց՝ ասելով, որ գուցե պատճառներից մեկը ՀՀ-ում նոր իշխանությունների առկայությունն է, նրա հետ համապատասխան աշխատանքը, որը փորձագետների համար անտեսանելի է, սակայն գոյություն ունի:

«Սովորաբար բանակցային գործընթացի միայն մի փոքր մասն է մեզ տեսանելի, գուցե կա աշխատանք նոր իշխանությունների հետ»,- նկատեց Տարասովը:

Այնուամենայնիվ, ըստ նրա՝ պետք է կանխարգելել ստեղծված փակուղին: «Իրավիճակի հետևանքներին անդրադառնալը որևէ մեկին անհրաժեշտ չի լինի ապագայում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս