Ինչն է մտահոգել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
Հունիսի 14-ին Երևանում տեղի ունեցած «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանները մտահոգություններ են հայտնել ՀՀ նորընտիր իշխանությունների եվրոպական քաղաքականության և դրա հեռանկարների վերաբերյալ:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո արտահայտված դրական հույսերը վերափոխվեցին մտահոգությունների և քննադատության Եվրամիության ներկայացուցիչների կողմից, ինչը վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններում իսկապես աննախադեպ իրադարձություն է: Մասնավորապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ալեկոծությունն ամենօրյա կյանքի մի մասն է, և Հայաստանում ու տարածաշրջանում ալեկոծություններ են եղել:
Հայաստան-Եվրամիություն երկկողմանի օրակարգում, նրա խոսքով, օգտակար ծրագրեր կան: Սակայն Սվիտալսկին անկեղծացել է. «Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշներ արձանագրել՝ փոխլրացնել մեր երկկողմ օրակարգը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը պահանջում է նախատեսված աշխատանքների իրականացմանն ուշադրություն դարձնել: Հուսով ենք, որ Հայաստանի ճյուղային նախարարությունները կներդաշնակեցնեն օրակարգը: Եկեք ժամանակ չկորցնենք»:
Տողատակերով է խոսել նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա նշել է, որ 2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր՝ որպես վերջիններից մեկն այն պետությունների և կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է:
«Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո»: Սա՝ ըստ պաշտոնական հաղորդագրության: Սակայն, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների համաձայն՝ Քիսլերը քննադատել էր ներկայիս իշխանություններին՝ ԵՄ-ին երրորդ տեղը հատկացնելու և հարաբերությունների տեսլական չունենալու վերաբերյալ:
Նա, ըստ լրատվամիջոցների, արձանագրել էր, որ նախորդ կառավարության ծրագրում կար տեսլական ՀՀ-ԵՄ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ:
Սակայն դեսպանությունը գիտաժողովից հետո հերքում տարածեց՝ նշելով, թե իր խոսքերը ներկայացվել են լիովին սխալ և իմաստային առումով ճիշտ հակառակ կերպով: Ինչևէ, դիվանագիտական լեզվի նրբություններին ծանոթ գործիչների և փորձագետների համար ակնհայտ են եվրոպական կողմում առկա մտահոգությունները, իսկ դրանք պատահական չեն, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սովորաբար, խոսելով արտաքին դերակատարների հետ հարաբերությունների մասին, պնդում է, որ Հայաստանը խորացնելու է իր հարաբերությունները և Վրաստանի, և Իրանի, և ԵՄ-ի, և ՀԱՊԿ-ի, և ԵԱՏՄ-ի հետ, առանձին հավակնություններ չհնչեցնելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, ինչն անում էին ՀՀ նախկին իշխանությունները:
Թեև նախկին իշխանությունների ժամանակ ՀՀ-ԵՄ հարաբերությունների որոշ կարևոր հանգրվաններ դուրս էին մնացել, և ԵՄ-ն այդքան էլ գոհ չէր բարեփոխումների այն կուրսից, որն իրականացնում էր Ս. Սարգսյանի իշխանությունը, այնուամենայնիվ, ԵՄ-ն հարաբերությունների ապագայի վերաբերյալ հստակ ուղերձներ էր ստանում, որը որոշակիություն էր մտցնում այս հարաբերություններում:
Սակայն Փաշինյանի կառավարության դեպքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ հստակ տեսլական չի հնչել, ավելին՝ իր վարչապետության մեկ ամսվա ընթացքում Փաշինյանը երկու աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, որը, միանշանակորեն, էլ ավելի է խորացրել եվրոպական կողմի մոտ առկա անորոշությունը:
Այնուամենայնիվ, հայաստանյան որոշ փորձագետներ հույս են հայտնում, որ մտահոգությունները կփարատվեն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` հունիսի 20-21-ը Բրյուսել կատարելիք աշխատանքային այցի ընթացքում, որտեղ կհանդիպի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ղեկավարության հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա հուլիսի 11-ին՝ Բրյուսելում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կուլիսներում:
Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստվում է այցելել նաև Եվրամիություն, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Առաջիկայում այլ այցեր ևս պետք է լինեն»,- նշել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի»,- ասել է նա:
Ն. Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինի:
«Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ՝ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում, և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,- ասել է նա:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը պարզաբանեց, թե արդյոք ԵՄ դեսպանների արտահայտած մտահոգությունները հիմնավո՞ր են: Ըստ նրա, միայն դեսպանները կարող են ասել, թե ինչ ազդակներ են ստացել կամ չեն ստացել Երևանից:
«Հնարավոր է՝ ենթադրություններով առաջնորդվելով, նման դիտարկումներ են անում՝ փորձելով թեման բացել և անհանգստություն առաջացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ ՀՀ իշխանություններն ակտիվ շփումներ են ունենում ՌԴ-ի հետ: Բայց սա ՀՀ իշխանությունների որոշումն է: Չի բացառվում նաև, որ եվրոպական կողմը որոշ հիմքեր ունի նման հայտարարությունների համար, որոնցից մենք տեղյակ չենք: Այնուամենայնիվ, մենք լսել ենք միայն հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ, քանի որ վարչապետը երկու անգամ այցելել է Ռուսաստան:
Կարծում եմ, որ եվրոպական ուղղությամբ ՀՀ իշխանությունների ծրագիրն այս ընթացքում կարող էր բացահայտված լինել: Ամենայն հավանականությամբ չկա խորացնելու ծրագիր, և հայտարարվում է նախորդ պայմանավորվածություններն իրականացնելու մասին, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՀ-ն նահանջում է եվրոպական օրակարգից»,- ասաց Լուկիանովը:
Նրա խոսքով, ամեն դեպքում էական փոփոխություն ՀՀ-ԵՄ հարաբերություններում չի լինի նման դիրքորոշման պարագայում, քանի որ նախորդ իշխանությունների դեպքում ևս այդ հեռանկարներն աղոտ էին, քանի որ կա տարածաշրջան, կա հակամարտություն, կա ուժերի դասավորվածություն, շահեր ու հետաքրքրություններ:
«Արտաքին քաղաքականությունն այս տարածաշրջանում առնչվում է կոնկրետ անվտանգությանը, նույնիսկ գերտերությունների լարված հարաբերություններն են անդրադառնում այստեղ տիրող իրավիճակի վրա: Այսինքն` թելադրողն անվտանգային իրավիճակն է: Հայ-ռուսական հարաբերությունների հիմքում Հայաստանի ազգային շահերն են: ՀՀ իշխանությունները կպահպանեն հարաբերությունների նախկին խորությունը:
Վստահություն ունեմ, որ ԵՄ-ի ուղղությամբ ևս էական տեղաշարժեր չեն լինի, քանի որ այդ հարաբերությունները ևս բխում են ՀՀ շահերից: ՀՀ-ն հասկանում է, որ ԵՄ-ն խոշոր դոնոր է, և ԵՄ-ի «հեռանալը» Հայաստանից կարող է մի շարք անցանկալի հետևանքների պատճառ դառնալ»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:
Մեզ հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ մտահոգություններ ԵՄ-ում չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է այս հարաբերություններում՝ մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
Չարնեցկին նշեց, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, Կառավարության ղեկավարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հարցեր:
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել ԵՄ-ի ներսում պահպանվելու համար:
Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում, և կարծում եմ` եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի: Ներկայիս փուլը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար զգայուն է այն առումով, որ ստորագրված համաձայնագրի իրականացման փուլն է, դրան սպասում էին երկու կողմերը:
Դրա արագությունը համապատասխան ազդակներ կտա Բրյուսելին, որ ԵՄ-ի կողմից վավերացումը ևս պետք է արագ տեղի ունենա: Եթե դեսպանն ասում է՝ ժամանակ չկորցնել, նշանակում է, որ նոր կառավարությունը դեռ չի հասցրել անդրադառնալ այս հարցին, ինչը նաև հասկանալի է, որովհետև ընթանում է ներքին հսկայական աշխատանք, կոռուպցիոն բացահայտումներ, և այլն, և այլն:
Սակայն կառավարության ղեկավարը խոսել է նաև վիզաների ազատականացման մասին, որը ենթադրում է հարաբերությունների մի նոր աստիճան: Հուսով եմ, որ, եթե կա անորոշություն, առաջիկայում այն կցրվի: Կրկնեմ, որ չեմ կարծում, թե խոսքը մտահոգությունների մասին է. Խոսքն անորոշության մասին է: Եթե ՀՀ կառավարության ծրագրում ԵՄ-ի հետ հարաբերությունները երրորդ տեղում են, դա վատ ցուցանիշ չէ, թեև արդարության համար պետք է նաև նշել, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավելի մեծ ներդրումներ կանի՝ համապատասխան քաղաքական կամքի պարագայում»,- ասաց Չարնեցկին: