Նիկոլ Փաշինյանը կայցելի Բրյուսել և Եվրամիություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը կլինի Բրյուսել: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է վարչապետը: «Պատրաստվում եմ այցելել նաև Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն: Առաջիկայում այլ այցեր ևս պետք է լինեն»,-նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինի: «Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: