Բաժիններ՝

Թուրքիայի նախագահի թեկնածու կուսակցապետը պնդում է, որ ՆԱՏՕ-ն չի ապահովում իր երկրի անվտանգությունը

ՆԱՏՕ-ն չի ապահովում Թուրքիայի անվտանգությունը, դաշինքը քաոս է ստեղծում իսլամական երկրներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է իսլամիստական Երջանկության կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Թեմել Ղարամոլաօղլուն:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա սկզբնապես մենք դրան անդամակցեցինք որոշակի հանգամանքների բերումով: Բայց մենք միշտ տեսնում ենք ՆԱՏՕ-ի կողմից այդ դաշնակցության միակողմանի ըմբռնումը: ՆԱՏՕ-ի կողմից լուրջ ներդրում չկա մեր անվտանգության հարցում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն փոխեց իր ռազմավարությունը, դաշինքի նախագծերն ուղղված են իսլամական երկրներում քաոսի ստեղծմանը, մեզ համար դա եւս ընդունելի չէ»,-ասել է Ղարամոլաօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան տրամադրված է զարգացնել հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ: «Այդ հարաբերությունները հարկավոր է անպայմանորեն ամրապնդել նաեւ հետագայում, դա կարող է տարբեր այլընտրանքներ բերել տարածաշրջան»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի նախագահի թեկնածուն քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որը, նրա խոսքով, ավանդաբար միակողմանի դիրք է բռնում: «Դոնալդ Թրամփի գալն էլ ավելի բարդացրեց իրադրությունը: Ցավոք, Թրամփը վարում է խիստ չհաշվեկշռված քաղաքականություն, չի ճանաչում նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իրենից առաջ: Ինչպես նա ինքը ոչ ոքի չի վստահում, այնպես էլ ոչ ոք նրան չի վստահում»,-հավելել է Ղարամոլաօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս