Բաժիններ՝

Ֆրանսիական Կորսիկայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել Aquarius նավը՝ փախստականներով

Ֆրանսիական Կորսիկա կղզու իշխանությունները, որտեղ վարչակազմը վերահսկվում է տեղի ազգայնականների կողմից, պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ընդունել Միջերկրական ծովում արգելափակված Aquarius փրկարարական նավը, որի վրա գտնվում են Աֆրիկայից 600-ից ավելի միգրանտներ: Այդ մասին հունիսի 12-ին հայտարարել է Կորսիկայի գործադիր խորհրդի նախագահ Ժիլ Սիմեոնին:

«Անհետաձգելի անհրաժեշտության դեմ հանդիման, երբ պարենամթերքի պակաս է զգացվում, վատ են եղանակային պայմանները եւ չափազանց հեռու է իսպանական նավահանգստը, Կորսիկայի գործադիր խորհուրդը SOS Mediterannee հումանիտար կազմակերպությանն առաջարկում է Aquarius-ին ընդունել կորսիկական նավահանգիստներից մեկում»,- գրել է կղզու վարչակազմի ղեկավարը Tweitter-ի իր էջում:

Մինչդեռ հանրապետության կենտրոնական կառավարությունն անտեսել է կորսիկական իշխանությունների այդ նախաձեռնությունը: Ելույթ ունենալով Sud radio ռադիոկայանի եթերում, Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը նշել է, որ կղզու ղեկավարները «դիրքորոշում են հնչեցնում, չունենալով պատասխատու լիազորություններ, ինչը դյուրին է անել»:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն, ծովում արգելափակված նավը «պետք է գնա ամենաանվտանգ ու ամենամոտ նավահանգիստը»: «Ընդ որում՝ հիանալի երեւում է, որ Կորսիկան ամենաանվտանգ ու ամենամոտ նավահանգիստը չէ: Հաշվի առնելով նավի գտնվելու վայրը՝ դա կամ Իտալիան է, կամ Մալթան»,-հավելել է Լեմուանը:

Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, Իտալիայի եւ Մալթայի իշխանությունները հունիսի 10-ի երեկոյան հրաժարվել են իրենց նավահանգիստներ թողնել Aquarius փրկարարական նավը: Դրան ի պատասխան, ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) կոչ է արել «շահագրգիռ կառավարություններին»՝ միգրանտներին թույլատրել ափ իջնել:

SOS Mediterannee ոչ կառավարական կազմակերպության Aquarius նավի վրա ներկայում գտնվում է «629 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա», նշել են ՓԳԿՎ-ում: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ավելի վաղ փրկվել են մի քանի նավակներից, որոնք աղետի էին ենթարկվել Սիցիլիական նեղուցում: Հունիսի 12-ին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշում էընդունել բացառության կարգով Aquarius նավին թույլ տալ կառանվել իսպանական նավահանգստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս