Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերություններում սկսվել է նոր փուլ և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է զարգացնել փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարևորել է արդյունավետ համագործակցությունը նաև Եվրասիական տնտեսական միության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ առկա խնդիրների լուծման, ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով:
Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու եղբայրական և բարեկամական պետությունների համագործակցությանը նոր զարկ տալու համար: Դեսպանը նշել է, որ հաշվի առնելով հայ-ռուսական պատմական հարաբերություններն ու ծավալները՝ զգում է մեծ պատասխանատվություն նոր պաշտոնում և պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ համագործակցել՝ ի նպաստ երկու պետությունների կապերի էլ ավելի խորացման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: