«Եթե այսօր խոսվում է այն մասին, որ Ալիևը Երևանը պետք է գրավի, դա ո՛չ զառանցանք է, ո՛չ էլ ցնդաբանություն». Արման Նավասարդյան

«Այն, ինչ տեղի է ունենում Նախիջևանում, մենք դրա մասին արդեն կես տարի է՝ զգուշացնում ենք, գրում ենք, ասում ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա ասաց, որ իրենք առաջարկում են միջազգային կոնֆերանս հրավիրել այն խաղացողների հետ, ովքեր այս կամ այն ձևով առնչվում են աշխարհաքաղաքական այս մեծ խնդիրների հետ. «Պատահական չէ, որ Էրդողանը հիմա հարց է բարձրացնում Լոզանի 1923 թվականի պայմանագրի վերանայման վերաբերյալ՝ ասելով, որ մենք օսմանյան հողեր ենք կորցրել, և այլն։ Եթե նրանք մտածում են այդ հողերի վերադարձի և տարբեր վեկտորներով այդ քաղաքականության իրագործման շուրջ, ապա դրանցից մեկը հենց Հայաստանն է, որի վրայով անցնում է այդ քաղաքական աղեղը։ Հայաստանը փաստորեն փուշ կամ ոսկոր է պանթուրքիզմի և թուրք-ադրբեջանական հարաբերությունների կոկորդին։ Եթե այսօր խոսվում է այն մասին, որ Ալիևը Երևանը պետք է գրավի, դա ո՛չ զառանցանք է, ո՛չ էլ ցնդաբանություն, այլ՝ մեծ քաղաքականության ֆրագմենտներից մեկն է։ Մենք չենք կարող դա ուշադրության չարժանացնել և ասել, որ վտանգ չի սպառնում»։

Ա. Նավասարդյանը գտնում է՝ ամեն ինչ արվում է ՀՀ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը խանգարելու համար. «Նույնիսկ այնպիսի ամսագրեր, որոնք մտնում են ԵԱՏՄ-ի մեջ, վերջերս սևով սպիտակի վրա գրում են, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բերելու է նրան, որ Հայաստանը կորցնելու է Ղարաբաղը, հետո Հայաստանն ինքն է ոչնչանում, որից հետո Ադրբեջանն է ոչնչանում։ Ամեն ինչ արվում է այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը խանգարելու համար, եթե դրա վրա մի հատ էլ մենք ենք ինչ-որ բաներ ավելացնում, դա ոչ մի շրջանակների մեջ չի տեղավորվում, և ժամանակն է սթափ քաղաքականություն վարել այդ հարցերի շուրջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս