Անապահով խավի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ՝ կապված իրավիճակի ուսումնասիրությունից:
Նախարարը տեղեկացրեց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները և քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, գնահատել են այս պահին ՀՀ էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:
«Սակագնի վերանայման հետ կապված ունենք մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Ըստ նրա` դրանք պայմանավորված են ԱԷԿ-ի հետ, որի աշխատանքը պատմության մեջ առաջին անգամ այսքան երկար պետք է կանգնի: Նախարարի կարծիքով` դա կարող է սակագնի վրա ազդեցություն ունենալ և, այդ ռիսկը հաշվի առնելով, չեն ուզում գնալ այդ քայլին:
Անդրադառնալով գազը սակագնի խնդրին` Ա.Գրիգորյանը նշեց, որ սահմանին 150 դոլարով ներմուծումը տարվա վերջ պետք է վերանայվի, ռիսկ կա դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված.
«Տարվա վերջ կգնահատենք մեր էներգահամակարգի ամբողջ հնարավորությունները: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը, գտնում ենք, որ մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անպահով ընտանիքների մասով, որոնց թվաքանակը 110-120 հազար է:
Մեր հաշվարկների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ հնարավորություն ունենք 10 դրամի չափով նվազեցնել անապահովներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»:
Նախարարը նշեց, որ երկու տարբերակ կա` կա՛մ ՀԾԿՀ հետ պետք է աշխատեն, կա՛մ «Տաշիր» ընկերության հետ: Ընդ որում, ըստ նրա, կարող են «Տաշիրի» հետ պայմանավորվել, որ շահույթի հաշվին սակագինը նվազեցնեն 10 դրամով: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում չեն նվազի նաև բյուջե մտնող հարկերը:
Ն.Փաշինյանը նշեց, որ նախարարի ասածն ընդունում են ի գիտություն: Նա նկատեց, որ Գիրգորյանն այնքան ռիսկերի մասին խոսեց, որ տպավորություն էր, թե այլ կարգի ռիկսեր չկան, օրինակ` չասաց, թե այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, կառավարման արդյունավետության ռիսկեր կա՞ն, թե՞ չկան:
Վարչապետը հանձնարարեց առաջիկայում քննարկում կազմակերպել, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ ճիշտ է և արդյունավետ է. «Եզրակացությունները պետք է լինեն շատ թափանցիկ և համոզիչ»: