Նիկոլ Փաշինյանի պատասխանն Արմեն Սարգսյանին

«Եկեք հստակ գնահատենք իավիճակը` Հայաստանում ոչ մի երկիշխանություն չկա, Հայաստանում կա մեկիշխանություն` ժողովրդի իշխանություն` ի դեմս ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի և կառավարության»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` Հայաստանում իրոք կա իշխանության թեևերի տարանջատում, ինչի համար պայքարել են:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, որ իշխանությունն անհավասար է բաշխված, վարչապետը հայտարարեց, որ սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. «Այ, իշխանությունը հավասար բաշխվելը նշանակում է անիշխանություն»,- ասաց նա:

Նա օրինակ բերեց Գերմանիան, որտեղ իշխանությունն ամենևին հավասար բաշխված չէ: Նա ընդգծեց, որ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն.
«Եթե որևէ մեկը խոսում է իշխանության հավասար բաշխման մասին, խոսում է իշխանության չգոյության մասին»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պե՞տք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն, ասել էր. «Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի»։

«Երբ ժամանակին ինձ առաջարկվեց հանրապետության նախագահի թեկնածու լինել, ես Սահմանադրությունը մանրամասն ուսումանսիրել էի, հետևաբար, գիտակցելով իմ լիազորությունները, ընդունել եմ առաջարկը: Հարցի հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած երկրում, երբ խոսում են երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապա մի քանի հիմնարար հիմնախնդիրներ պետք է հաշվի առնել: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր կառույցների միջև՝ տվյալ դեպքում Ազգային ժողով, կառավարություն, նախագահ: Որքան լիազորությունները հավասար, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը կայուն է»,- ասել էր նախագահ Արմեն Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս