«Դա վերաբերվում է ինձ, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, ձեզ և բոլորին». Արարատ Միրզոյան
Այսօր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գործարարներ Սամվել Ալեքսանյանի և Արտակ Սարգսյանի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին։
«Ամենաէական, առանցքային գործոնը, որ այստեղ դեր է խաղում, այն է, որ մենք նոր Հայաստան ենք կառուցում։ Մենք հայտարարել ենք, որ բիզնեսը ստիպված չէ ստվերային տնտեսություն վարել, ապօրինի փոխանցումներ անել, նա պետք է լինի բիզնես, հետապնդի իր բիզնես շահերը և վճարի հարկերը, ու այդ նոր խաղի կանոններով բիզնեսմեններն այլևս պարտավորված չեն քաղաքական կապերով, մեր պամանավորվածություններն էլ իրենց հետ հստակ են, դա այն է, որ դուք ձեր բիզնեսն անում եք ու վճարում եք հարկերը, ուրիշ կապող բան մեզ չկա։ Պատգամավորները, որ ՀՀԿ-ից դուրս են գալիս, մեծ հույս ունեմ, որ այդ որոշումների մեջ էական դեր է խաղում պետության մասին մտածելը ու նոր կառավարությանը շանս տալու, աջակցություն ցուցաբերելու մղումը»,- նշեց Ա. Միրզոյանը։
Նա տեսակետ հայտնեց, որ նոր խորհրդարանում գործարարներ չպետք է լինեն։
Հարցին՝ նույնը վերաբերվում է նաև Գագիկ Ծառուկյանի՞ն՝ հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները տարբերվում են ՀՀԿ-ի հետ ունեցած հարաբերություններից՝ Ա. Միրզոյանը պատասխանեց, որ կանոնները բոլորի համար հավասար են.
«Դա վերաբերվում է ինձ, Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, ձեզ և բոլորին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։