Ինչու է ադրբեջանական կողմը սկսել առաջ բերել դիրքերը. վերլուծաբան
«Ներկայումս լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում քիչ հավանական եմ համարում»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժին և դրա հնարավոր պատճառներին:
Հիշեցնենք, որ Նախիջևանից ադրբեջանական սահմանում ինժեներական աշխատանքների մասին տեղեկատվություն հայկական կողմը սկսեց տարածել վերջին մեկ ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմին զգուշացնելով չսրել իրավիճակը միջազգային սահմանին:
Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն անդրադառնալով իրավիճակին սահմանի այդ հատվածում՝ ասել էր, որ Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի: «Պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ ամբողջովին վերահսկելի է, և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած տեղափոխումը»,- ասել է նա: Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանն իր տարածքներում է իրականացնում տեղափոխությունները, և այս պահին որևէ միջամտության կարիք չկա:
Թրեյսի Ջերմանն ասաց, որ իրավիճակի շուրջ ամբողջական պատկերացում կազմելու համար իր համար անհասկանալի են մի շարք հանգամանքներ:
«Արդյոք հայ-ադրբեջանական սահմանի բոլոր հատվածներում, ինչպես նաև ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակամարտության առկայության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը փորձել է գտնել իր զինված ուժերի համար շատ ավելի շահեկան դիրքեր, այսինքն` սա եղել է անընդհա՞տ աշխատանք, թե՞ ոչ: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը սա որակել էր՝ որպես հայ-ադրբեջանական ուժերի համար բնականոն աշխատանք, սակայն մյուս կողմից էլ՝ ակտիվորեն այս հարցը քննարկվում է, պաշտոնական արձագանքները բավականին շատ են, երկու նախարարների այցը Նախիջևան բավականին լայն լուսաբանում ունեցավ և ազդեցիկ էր: Եթե սա բնականոն իրավիճակ է, ապա ինչումն է կայանում անհանգստությունը:
Իսկ եթե ադրբեջանական կողմը նման աշխատանքներ նախաձեռնել է հենց վերջերս, և հայկական կողմը դա բնականոն աշխատանք է որակում հասարակության շրջանում տագնապ չտարածելու նպատակով, ապա այստեղ պետք է հասկանալ, թե ինչու է ադրբեջանական կողմը սկսել առաջ բերել դիրքերը:
Հնարավոր չէ 2 տասնամյակ ունենալ դիրքեր և առանց պատճառի դրանք սկսել մոտեցնել հակառակորդին: Սրանում կա մտադրություն: Այնուամենայնիվ, հակված չեմ կարծելու, որ այս քայլերը փաստում են որոշակի գործողություններ սկսելու մտադրության մասին: Բայց կա հակառակորդի նկատմամբ առավելություն ստանալու, ճնշելու ցանկություն է, քանի որ առջևում բանակցություններն են, Հայաստանն ունի նոր բանակցող, դեռ պարզ չէ, թե ինչպես կբանակցի Փաշինյանն Ալիևի հետ, Փաշինյանը, ով իրեն դիրքավորել է՝ որպես սկզբունքային քաղաքական գործիչ»,- նման տեսակետ հայտնեց Ջերմանը:
Ըստ նրա՝ պատահական չի ընտրվել հայ-ադրբեջանական սահմանը և այս ուղղությունը: Վերլուծաբանի կարծիքով՝ ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ այստեղ ցանկացած փոփոխություն անհանգստություն է պատճառելու հայկական կողմին, քանի որ սա անմիջականորեն Հայաստանն է:
«Կարծիքս այն է, որ բանակցություններին ընդառաջ՝ ադրբեջանական կողմը փորձում է առավելություն ստանալ դիրքային առումով»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կա կարծիք, որ սահմանի այս հատվածում գործողություններ նախաձեռնելով՝ Ադրբեջանը ցանկանում է շեղել հայկական ԶՈՒ-ի ուշադրությունը և ավելի լայնածավալ գործողություններ սկսել ԼՂ-ի ուղղությամբ, վերլուծաբանն արձագանքեց՝ ասելով, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ:
«Բայց կարծում եմ՝ ներկայումս նման բան չի լինի, քանի որ միջազգային համայնքը, ադրբեջանական կողմը որոշակի ակնկալիքներ ունեն ՀՀ նոր իշխանություններից, ինչը բնական է, պետք է տեսնեն, թե ինչպես է բանակցում ՀՀ նոր իշխանությունը, առանց բանակցելու նոր իշխանության հետ գործողությունները չափազանց խոցելի կարող են լինել, հատկապես, երբ միջնորդներն ակտիվորեն աշխատում են բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ: Կարծում եմ` բարձրաստիճան հանդիպումը երկար սպասեցնել չի տա»,- ասաց Ջերմանը: