«Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պետք է ստուգվեն». Սերգեյ Բագրատյան
«Ես վստահ եմ, որ այդ ստուգումները բոլորին են վերաբերելու, ոչ մի տարբերակում չի լինելու, բոլոր խոշոր գործարարները պետք է անպայման անցնեն այդ ստուգումը: Եվ վստահ եմ, որ իհարկե, նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պետք է ստուգվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` մեկնաբանելով ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված ստուգումները որոշ խոշոր ցանցերում:
Նա հիշեցրեց, որ 2015 թ. հայտնի դեպքերից հետո երկրատև ստուգումներ իրականացվեցին, և պարզվեց, որ «օդում կախված» ոչինչ չկար: Ս.Բագրատյանը չհամաձայնեց, որ որևէ բան չհայտարարվելը կապված էր Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալու հետ:
168.am-ի հարցին, որ այսինքն՝ Գագիկ Ծառուկյանն ընդհանուր համաձայնություններից դո՞ւրս է գործել, Ս. Բագրատյանը պատասխանեց, թե Ծառուկյանն առևտրային ցանց չունի, «Առինջ մոլում» վաճառվել են գյուղմթերքներ, որոնք հարկվել են 5%-ով:
Մեր դիտարկմանը, որ վարչապետն ասում էր, որ կոռուպցիոն պայմանավորվածությունները դադարեցվում են, Գ.Ծառուկյանն ի՞նչ կոռուպցիոն պայմանավորվածությունների մեջ է ներգրավված եղել, Ս.Բագրատյանը պատասխանեց, թե վարչապետի ասածը վերաբերում էր ԱԱԾ-ի բարձրացրած խնդրին, իսկ այդ հատվածում Ծառուկյանը որևէ բիզնես չունի: