«Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձները 3 հասցեատեր ունեին». Գերմանացի քաղաքագետ
«Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուղերձները 3 հասցեատեր ունեին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հարավային Կովկաս կատարած այցի գլխավոր մեսիջներին:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանում Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ասել էր, որ կպաշտպանեն յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ ԼՂ հարցի լուծման ուղղությամբ:
«Վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը, հաճախ առիթ ունեցել ենք ասելու, և՛ երեկ, և՛ երեկ չէ առաջին օրը` մեկ այլ վայրում, ասացի, որ Ֆրանսիան համոզված է, որ ուժի կիրառումը լուծում չէ հակամարտության համար, ինչպես քիչ առաջ պարոն Մնացականյանն ասաց իր ելույթում, մենք լիովին համամիտ ենք: Այս հարցում ոչ ստատուս-քվոն, ոչ ուժին դիմելը լուծում չէ, պետք է մոտենալ ավելի պրագմատիկ, ավելի կրեատիվ ձևով: Ես մշտապես տեղեկացվում եմ իրադարձությունների վերաբերյալ, մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որը թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և կստեղծի խաղաղություն և կայունություն»,- ասել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակում նախարարը հույս էր հայտնել, որ առաջիկա ամիսներին այս հակամարտության կարգավորման առումով ակտիվ աշխատանք կսկսվի։ Նա նաև ասել էր, թե Ֆրանսիան մտադիր է առաջիկա ամիսներին ակտիվորեն աշխատել արցախյան հակամարտության կարգավորման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ:
Ալեքսանդր Ռարն ասաց, որ բոլոր համանախագահ երկրները, առավելապես՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, մտահոգված են բանակցությունների ընդհատմամբ, որը տեղի է ունեցել կարգավորման գործընթացում ներքաղաքական զարգացումների պատճառով:
Ըստ նրա՝ միջնորդները ցանկանում են շարժել գործընթացը, ակտիվացնել, վերսկսել նախարարական և նախագահական մակարդակներով բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, քանի որ ընդհատումը երկար էր: Բացի դրանից, գերմանացի քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ միջնորդները ցանկանում են օգտագործել այն գաղափարները, որոնք հրապարակայնորեն հնչեցվեցին ՀՀ իշխանությունների կողմից բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին:
«Արցախի միացումը բանակցություններին լուրջ որոշում կարող է դառնալ բանակցային գործընթացի հաջող ավարտի համար: Թեև Ադրբեջանը մերժում է Արցախի մասնակցության հնարավորությունը, ինչը սպասելի էր, համանախագահները տեսնում են հույս, որ նոր քննարկումներ կարող են ծավալվել այս գաղափարի շուրջ: Ի վերջո, ինչպես ՀՀ նախորդ իշխանություններն են նկատում, այս գաղափարը կար, բայց լռեցված էր Ադրբեջանի կողմից, բայց սրա հրապարակային առաջմղումը նոր քննարկումներ ծավալելու առիթ կդառնա, որը կակտիվացնի գործընթացը: Հենց այս պատճառով համանախագահները խոսում են կարգավորման հնարավորության մասին: Կարծում եմ` հատուկ ծրագիր այս պահին չկա, բայց կա ցանկություն, և այդ աշխատանքով կզբաղվեն թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ֆրանսիան»,- նման կարծիք հայտնեց Ռարը:
Նրա կարծիքով՝ ֆրանսիացի նախարարի դիտարկումները տարածաշրջանում աչքի էին ընկնում իրենց հավասարակշռվածությամբ:
«Նախարարը խոսեց և ստատուս-քվոյի անթույլատրելիության, և ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Առաջինը, բնականաբար, վերաբերում էր Հայաստանին, քանի որ կա կարծիք, որ Հայաստանին ստատուս-քվոն ավելի ձեռնտու է, քանի որ Հայաստանն է հաղթել 1990-ական թթ. պատերազմում և տարածքային զիջումներ չի ցանկանում, իսկ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել ուժի գործադրման միջոցով, որը ևս անթույլատրելի է:
Ուշագրավ էր նաև պնդումը, որ Ֆրանսիան կաջակցի նոր գաղափարների, որը, ամենայն հավանականությամբ, վերաբերում էր Թրամփի դիտարկումներին, քանի որ Թրամփը խոսեց կարգավորման հնարավորության մասին առաջիկա ամիսներին:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը փաստորեն ասաց, որ կաջակցի այդ նախաձեռնությանը և ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հակամարտության կարգավորմանը: Սրանից կարելի է ենթադրել, որ կոնկրետ նախաձեռնություն Ֆրանսիան չունի, բայց հնարավորության դեպքում և տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում Մակրոնը կքննարկի նախագահների հետ կարգավորման հեռանկարները, ինչպես նշեց Լը-Դրանը»,- ասաց Ալեքսանդր Ռարը:
Գերմանացի քաղաքագետը կարևոր է համարում այն հանգամանքը, որ ակտիվացել են կարգավորման վերաբերյալ քննարկումները:
«Վստահ չեմ, որ մենք շոշափելի արդյունք կունենանք, բայց կունենանք գոնե վերահսկելի փխրուն խաղաղություն շփման գծում մինչև հակամարտության ամբողջական կարգավորումը»,- ասաց Ալեքսանդր Ռարը: