Բաժիններ՝

Արմեն Մարտիրոսյանը՝ հաճախորդ մտավորականների երկու տեսակի մասին

Օրեր առաջ Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ, որի ընթացքում ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց հուզող հարցերն էին ուղղում վարչապետին: 168.am-ը զրուցել է հանդիպմանը ներկա «Անտարես» գրահրատարակչության տնօերն Արմեն Մարտիրոսյանի հետ, լսել նրա մեկնաբանությունները աղմկահարույց հանդիպման վերաբերյալ:

Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝ երևի պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպումները մեծ իմաստով սկսեց հենց մշակույթի բնագավառի ներկայացուցիչների հետ շփումից.

«Նա, կարծեմ, հենց այդպես էլ ձևակերպեց մշակույթի ամենակարևոր խնդիրը, ըստ որի, մշակույթը դա երկու մարդկանց միջև հարաբերությունն է: Իսկ ի՞նչ է գաղջ մթնոլորտը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը՝ դա մշակույթի մակարդակի կտրուկ իջեցումն է, որպեսզի ես՝ անկիրթ իշխանավորս, ինչ էլ որ անեմ, ընկալվի՝ որպես նորմալ երևույթ: Օրինակ, եթե ասեմ՝ խիարը թարս աճի՝ ընկալվի նորմալ, ասեմ՝ ինչքան կուզեմ, էդքան կխփեմ՝ ընկալվի նորմալ, կամ, «ինչպես տատս էր ասում»-ը ընկալվի նորմալ, և այլն:

Գաղջ մթնոլորտի օպերացիան շատ լուրջ կազմակերպված օպերացիա էր: Եթե ուզում ես իշխես, ապա մշակույթի մակարդակը պետք է գցես: Այս օպերացիան հիանալի կերպով իրականացվում էր նաև լրատվամիջոցների ղեկավարների անմիջական մասնակցությամբ և մշակույթի ոլորտի տարբեր գործիչների գործուն մասնակցությամբ, և այլն: Նրանք, ովքեր պատրաստ էին անցնել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի սրի տակով, պատրաստ էին նաև մեծ եռանդով կցվել այդ գործին:

Գիտեք, չէ՞, որ ստեղծագործական միջակությունն անդադար խոսում է և բողոքում է: Որովհետև նա չի կարող բարձրարժեք արվեստ ստեղծել, փոխարենը՝ խոսում է և խոսում է հատկապես ուղղորդված կերպով՝ հատուկ նպատակի համար: Խորամանկ, չընտրված և թույլ իշխանությունը թուլափայ էր տալիս այս մարտնչող միջակությանն ու ուղղորդում վայրահաչոցը:

Այդ մտավորականները, որպես կանոն, գնում ու առանձին-առանձին հանդիպում էին իշխանական վերնախավի հետ: Իսկ ինչո՞ւ հատկապես առանձին, որովհետև հենց այդ ժամանակ է, որ կարելի է լպստել նախագահի կոշիկները, և ոչ ոք, բայցի այդ իշխանավորից, դա չի տեսնի, հետո դուխով դուրս էին գալիս հասարակության մեջ, ստանում պաշտոններ, և այլն: Հետևաբար, երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ մենք մեր հաճախորդներին ճանաչում ենք, նա այնքան ազնիվ էր իր այդ հայտարարության մեջ: Նա առանց կեղծարարության այսօրինակ այնքա՜ն և այնպիսի՜ ճշմարտություններ է բարձրաձայնել…

Ինչպես արդեն ասացի՝ թույլ, այսինքն՝ չընտրված իշխանությունը մշակույթի որոշ գործիչների իր կողմը հրավիրելու խնդիր և կարիք ունի, որոնց միջոցով էլ փորձում է պառակտել հասարակությունը, ինչպես նաև հենց իրենց՝ մշակութային գործիչներին:

Այնպես չէ, որ որոշ գործիչներ այդ քայլին դժվար են գնում: Այսպիսի հաճախորդ մտավորականների երկու տեսակ կա: Այս կոնտեքստում բավարար է հիշել միայն Իգիթյանին, նկատի չունեմ նրա անձը, այլ երևույթը, այլ կերպ ասած՝ իգիթյանները:

Այստեղ ոչ այնքան իգիթյաններն են վտանգավոր, ովքեր քծնանքի իրենց նվիրումի մեջ ամենաազնիվներն են, որովհետև հստակ ու բացահայտ ցույց են տալիս, որ պնակալեզ են, այլ, այսպես ասած՝ լայթ իգիթյանները, որոնք Իգիթյանից լայթի չափով հեռու են և դրանով էլ՝ պաշտպանված, որովհետև կռանալու մեջ ազատամարտիկ չեն և ունեն իրենց արդարացնելու զզվելի մի մեթոդ՝ տեսեք, կա Իգիթյան, որ մեզանից ավելի վատն է:

Նրանք շատ վտանգավոր են նրանով, որ թաքնվում են Իգիթյանի մեջքի հետևում: Հենց այդպիսի մի խումբ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ սովոր են եղել առանձին հանդիպումների, կանգնեցին և նույնը առաջարկեցին Նիկոլ Փաշինյանին, սակայն ի պատասխան՝ ստացան շատ հստակ դիրքորոշում՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող թույլ տալ, որ այդ հանդիպումները լինեն տետ ա տետ և, եթե անգամ նման հանդիպումներ լինեն, դրանք, միևնույն է, լինելու են բաց ու թափանցիկ, ժողովրդի և հանրության համար:

Ի՞նչ են նրանք առանձին քննարկելու վարչապետի հետ՝ բացի, ինչպես իրենք են սովոր, փողի դիմաց նրան ծառայելու խոստումներ տալն է, ինչին Նիկոլ Փաշինյանը ասելու է՝ ինձ ծառայել պետք չէ, գնա քո գործին ծառայի, եթե կարող ես ծառայել, ինչն էլ նա, ըստ էության, մի քանի անգամ տարբեր կերպով շեշտեց մշակույթի գործիչների հետ վերջին հանդիպման ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս