«Նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»․ Դավիթ Տոնոյանը՝ օրերս մահացած կապիտանի մասին
«Բանակաշինության ոլորտում բազմաթիվ, բայց հաղթահարելի խնդիրներ ունենք»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը, թե ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակման վերաբերյալ Արցախից մտահոգություն է հնչում, որ նա ամենաանպատրաստ գեներալն է՝ Դ․Տոնոյանն այսպես պատասխանեց․«Եթե 10 տարի օպերատիվ վարչության պետը և գլխավոր շտաբի պետի տեղակալը գնահատվում է՝ որպես անպատրաստ, ես խոսք չունեմ այլևս»։
Մայիսի 26-ին ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
Այս մասին Դավիթ Տոնոյանն ասաց. «Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»:
Նրա խոսքով՝ ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, ոչ միշտ է կապված բանակի հետ․ «Հայաստանի ԶՈՒ-ում ինքնասպանությունների ընդհանուր վիճակագրությունն անգամ արհեստավարժ բանակների համեմատ՝ անգամներ քիչ է»։
Դ․ Տոնոյանն ասաց, որ ինքն ամրապնդելու և բարձրացնելու է բանակի մարտունակությունը, փոխելու է բանակում գոյություն ունեցող որոշակի մենթալիտետ․ «Կոռուպցիայի ռիսկերը նվազեցվելու են, եթե ոչ՝ չեզոքացվելու»։
Նախարարը նաև ասաց, որ շատ լավ է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նրա որդին Արցախում է ծառայելու։ Ըստ նախարարի՝ պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում։
«Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի՝ որտեղ կծառայի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ իր որդին 18 տարեկան է, մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի բանակ։