ԿԳՆ-ն առաջարկում է մեղմացնել գիտնականներին տարկետում տալու չափորոշիչները. razm.info
Կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու չափանիշները մեղմացնել, գրում է razm.info-ն: ԿԳՆ-ն նաև արդիական է համարում հայրենադարձության նպատակով դրսում բնակվող և իրենց հաշվին լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետում տալու հարցը:
Օրինագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը հանրային քննարկման համար է:
ԿԳՆ-ն ցանկանում է իջեցնել տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսների դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտների դեպքում՝ 80-ից մինչև 65 միավոր: Մեթոդաբանությունն՝ այստեղ:
Ապրիլի 12-ին ՀՀ կառավարությունը ընդունել էր օրինագիծը, որով սահմանվում են գիտության ոլորտում նվաճումներ ունեցած զորակոչիկներին տարկետում տրամադրելու կարգը, չափանիշները և մեթոդաբանությունը:
Այս պահին գործող օրենսդրությամբ մագիստրոսները տարկետման են հավակնում առնվազն 70, իսկ ասպիրանտները՝ առնվազն 80 միավոր հավաքելու դեպքում: Այս պահին գործող միավորների հաշվարկման մեթոդաբանությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունները նպատակ ունեն հնարավորություն տալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին անընդմեջ զբաղվել իրենց գործունեությամբ:
Օրինագծի «ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում նշվում, որ արդիական է օտարերկրյա բուհերում սովորողներին տարկետում տրամադրելու խնդիրը: Որպես պատճառ նշվում են.
• որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը,
• հայրենադարձության՝ Հայաստանի համար կարևոր առաջնահերթությունը:
«Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:
Հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։