«Անհամբեր վերդառնալուս պահին եմ սպասում». Վերա Գալստյան
Տիկին Վերային (Վերա Գալստյան) մենք հանդիպեցինք Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաքում: Նա այստեղ է տեղափոխվել դեռևս 2002 թվականից՝ կրտսեր որդու հիվանդության հետ կապված խնդիրների բերումով: Տիկին Վերայի հետ մեր զրույցը, սակայն, մեծ իմաստով հայաստանյան կյանքի, այնտեղ անցկացրած տարիների, հայրենիքում տեղի ունեցող նոր զարգացումների և, իհարկե, Ղարաբաղյան պատերազմի մասին էր: Ապրելով բովանդակ մի կյանք, տիկին Վերան ճաշակել է նաև այդ կյանքի դառը կողմը: Ղարաբաղի ազատագրման պայքարի հենց սկզբից ավագ որդին՝ Անդրե (Սուրեն) Ղազարյանը, հերոսաբար մարտնչել է հայրենիքի վերամիավորման գաղափարի համար և ընկել Մարտակերտի մատույցներում՝ թեժ մարտերից մեկի ընթացքում.
– 1988 թվականին ընտանքիս անդամներով մասնակցում էինք ցույցերին ու հանրահավաքներին: Հիշում եմ՝ այնքան էի ոտքի վրա կանգնել, որ ինչ-որ պահից ոտքերի խնդիր ունեցա, բայց միևնույն է՝ չդադարեցի մասնակցել: Հաջորդ անգամներն Ազատության հրապարակ գնալուց մանկապարտեզի փոքր աթոռ էի վերցնում հետս, որ նստեմ, որովհետև գիտեի, որ ինչ էլ լինի՝ անպայման պետք է ներկա գտնվեմ: Անդրեն էլ էր մշտապես գալիս ինձ հետ: Հենց այդ տարիներին էր, որ տղաս մեկնեց բանակ ժամկետային ծառայության:
Ծառայեց Գերմանիայում, որտեղից վերադառնալուց անմիջապես հետո անդամագրվեց «Դավիթ Բեկ» ջոկատին, միաժամանակ սովորեց Բյուրականի հատուկ ռազմականացված դպրոցում, որտեղ ընդունված 100 զինվորականներից դպրոցն ավարտեցին միայն 40-ը: Այդ 40 տղաները բոլորն էլ անդամագրվեցին Ղարաբաղյան ազատագրական շարժմանը, և նրանցից որևէ մեկը հետ չվերադարձավ:
– Որտե՞ղ էր իրենց ջոկատը, տիկին Վերա:
– Շատ դժվարին ժամանակներ էին, երբ թշնամին արդեն Մարտակերտի մեծ մասը վերցրել էր ու մոտենում էր Սարսանգի ջրամբարներին: Վազգեն Սարգսյանի հրամանով հավաքագրվեց հատուկ նշանակության մահապարտների «Արծիվ 1» ջոկատը, որի կազմում էր նաև իմ Անդրեն: Թեժ մարտերի ընթացքում Մարտակերտի մատույցներում մղվող մարտերից մեկի ընթացքում պատահեց այն, ինչ որևէ ծնողի չեմ ցանկանա ապրել ու զգալ: Որդուս դին ամփոփված է Լուսակերտում՝ իր մարտական ընկերների հարևանությամբ:
Հիմա այնտեղ քանդակագործ Արսեն Փանոսյանի հեղինակած երեք սյուներով կառուցված երկու մեծադիր խաչքարերով հուշարձանն է, որ հիշեցնում է որդուս անցած խիզախ ճանապարհի մասին:
Ես շատ անգամներ եմ ինձ հարց տվել՝ հանուն ինչի՞ զոհվեց իմ որդին: Միակ պատասխանը, որ ինձ մխիթարում է, մեկն է՝ հանուն հայրենիքի և այդ հայրենիքի վտանգված սահմանների: Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ՝ այդ հայրենիքի զավակները, բայց երբ տեսնում եմ, որ երկրում ահռելի չափերի հասնող արտագաղթ է, երբ մարդիկ զրկվում են նույնիսկ արժանապատիվ ապրելու մինիմալ հնարավորություններից ու հանապազօրյա հացից, սիրտս ավելի է ցավում, քան կորուստս է: Այդ տղաները գնացին, որ այսօր մեր երեխաները սովա՞ծ օրեր անցկացնեն, ձմռանը ցուրտ տներում կծկված մնան ու գրենական պիտույքներ չունենալու պատճառով զրկվեն անգամ դպրոց հաճախելու հնարավորությունի՞ց: Չէ՞ որ սա իրականություն է, և սրանք հարցեր են, որոնք մշտապես ուղեկցում են ինձ և մեր երկրում ապրող շատ-շատ քաղաքացիների անդադար:
– Տիկին Վերա, շատերը դուրս եկան Հայաստանից՝ հայտնվելով իրենց համար խորթ և օտար երկրներում…
– Այո, ես էլ այստեղ եմ՝ Մարսելում, ու այստեղ հայտնված իմ հայրենակիցներից գրեթե հիմնական մասի պատճառների մասին գիտեմ՝ գուցե ոմանք այստեղ են հասել հիվանդությունների պատճառով, ոմանք բարեկամներ ունեն ու եկել են ավելի լավ կյանքի հույսով, բայց անհերքելի փաստ է, որ Հայաստանից արտագաղթածների մի մեծ զանգված երկիրը լքել է ծայրահեղ անապահովության և աղքատության պատճառով՝ հանապազօրյա հացի փնտրտուքի համար:
– Ես գրեթե համոզված եմ, որ դուք, ինչպես այստեղ ապրող շատ հայեր, ուշի ուշով հետևում էիք վերջերս մեր երկրում կատարվող իրադարձություններին:
– Այո, անկասկած: Նիկոլի հետ քայլեցի նրա բոլոր ճանապարհներով: Չեմ էլ կարող նկարագրել այն ուրախությունը, որ ապրեցինք ազգովի, նաև Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև հասկանում էինք, որ դա արդեն Հայաստանի համար լինել-չլինելու խնդիր էր: Ազգը գիտակցության եկավ, հավաքեց իր վերջին ուժերը և կանգնեց պաշտպանելու տարիներ շարունակ իր ոտնահարված իրավունքներն ու հայրենիքը:
Ես մի ներքին զգացում ունեմ՝ եթե 90-ականներին տղաները տուն բերեցին Ղարաբաղը, ապա վստահ եմ, որ այս սերունդը հասնելու է Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ու անկախացմանը, կասկած չունեմ դրանում: Մի՞թե մեր զոհված տղաներն արժանի չեն, որպեսզի մենք մեր շենացող հայրենիքով արժանին մատուցենք նրանց հիշատակին: Որ հայը կհաշտվեր կորսվող հայրենիքի մտքի հետ: Մենք հասել էինք մի կետի, երբ Ալիևն ասում էր՝ Երևանը մերն է:
Մի ժամանակ էլ Մութալիբովն էր ասում, թե Սևանա լճում պետք է լողանա: Տեսանք, որ այդպես չեղավ: Ի՞նչ ասեմ՝ երևի իմ հայրենասիրությունն ինձնից անցել էր տղայիս, բայց ինձ էլ փոխանցվել է իմ հայրիկից:
– Տիկին Վերա, ինչո՞վ էիք զբաղվում Հայստանում, նախքան Ֆրանսիա տեղափոխվելը:
– Ավարտել եմ Մանկավարժական ինստիտուտի գրադարանագիտության և մատենագիտության բաժինը: Երկար տարիներ աշխատել եմ Լուսակերտի դպրոցի գրադարանում, որից հետո նշանակվել Լուսակերտի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն: Երբ ինձ առաջարկվեց ղեկավարել մանկապարտեզը, ես հասկանում էի, որ ինձ բաժին է հասնում հին ու խարխուլ մի շինություն, բայց տարիներ շարունակ չխնայեցի ոչ մի միջոց ու հնարավորություն՝ շենացնելու և կանգուն մի կենտրոնի վերածելու մանկապարտեզը:
Երևի կյանքիս մեծ մասը նվիրեցի երեխաներին ու նրանց համար հարմարավետ պայմաններ ստեղծելու գործին և մի վայրկյան անգամ չեմ ափսոսում այդ տարիների և ջանքերիս համար: Հատուկ այս աշխատանքի նրբություններին ու մանրամասներին ծանոթանալու համար ընդունվեցի և ավարտեցի Մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական բաժինը: 23 տարի աշխատել եմ իմ հարազատ մանկապարտեզում, և հիմա չեք էլ կարող պատկերացնել, թե ինչպես եմ կարոտում այդ ամենը:
Հիմա էլ մանկապարտեզը շարունակում է լավագույն ավանդույթներով կրթել մանկահասակ երեխաներին և անխափան շարունակում է իր աշխատանքները:
Գոհ են և ծնողները, և այնտեղ հաճախող երեխաները: Փառք Աստծո, այն մինչ այսօր ոչ միայն ծառայում է իր նպատակին, այլև մարզում որպես բազային մանկապարտեզ՝ երեքից մեկն է ճանաչվել:
– Ապագա պլաններում հայրենիք վերադառնալու հեռանկարներ կա՞ն:
– Անհամբեր վերդառնալուս պահին եմ սպասում: Մարսել տեղափոխվելուց ի վեր, 13 տարի շարունակ ինչ-ինչ պատճառներով Հայաստան չկարողացա գալ: Շատ կարևոր գործեր ունեմ, որ կիսատ են մնացել, և դրանց մեծ մասը հիմնական մասով կապված է որդուս՝ Անդրեի հիշատակի հետ: Թեև Լուսակերտի կենտրոնական փողոցը վերանվանվեց տղայիս անունով, և նաև հուշատախտակ փակցվեց հինգհարկանի շենքի մուտքին, որտեղ նա է ապրել, բայց շատ բան ունեմ Անդրեի հիշատակին անելու: Դա հոգուս պարտքն է, որ դեռևս անավարտ է մնում:
Հավաքել ու ամբողջացրել եմ որդուս նամակները, լուսանկարներն ու նրա մասին պատմող բոլոր հիշողությունները և առաջիկայում պատրաստվում եմ նրա մասին պատմող գիրք-հուշապատում հրատարակել: Այնպես որ, հայաստանյան այցս կլինի շուտով և մոտ ապագայում: