«Դո՛ւ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». Թուրք լրագրողի պատասխանը ֆրանսիական հանդեսին
Թուրքական «Yeni Şafak» իշխանամետ թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը կոշտ արձագանք է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ անվանած ֆրանսիական «Le Point» հայտնի հանդեսին:
Քարագյուլը թեմայի վերաբերյալ գրած հոդվածում պնդել է, որ ֆրանսիական հանդեսը գումարի դիմաց է Էրդողանի պատկերով շապիկին զետեղել «Բռնապետը. Որքան հեռու կգնա Էրդողանը» գրությունը:
Թուրք հայտնի լրագրողը պնդել է, որ Եվրոպան խորտակվելու է իր հպարտության պատճառով՝ ասելով.
«Դու՛ Եվրոպա, խորտակվելու ես գոռոզությանդ երեսից, խորտակվելու ես այլ ժողովուրդներին չհարգելու համար»:
Ըստ Քարագյուլի՝ Եվրոպան վախենում է իրենցից:
«Դու՛ Եվրոպա, վախենում ես մեզանից, մեր ազգից, Էրդողանից, Թուրքիայի ընտրած նոր ուղուց: Վախենում ես մեծ հաշիվներին մաս չկազմելուց, առաջատար չլինելուց: Քեզ ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները չեն, որ ստիպում են Էրդողանին բռնապետ անվանել: Դու դրանք չես էլ կարևորում: Դու դրանք վաճառում ես միայն: Քեզ այս վիճակին վախն է հասցրել, Եվրոպա»:
Ըստ թուրք լրագրողի՝ Եվրոպայի կողմից բռնապետ անվանվող Էրդողանին աշխարհը սիրում է, այնինչ Եվրոպայի բնութագրումներին՝ կասկածում:
«Բոլորն էլ գիտեն, որ քո «ճիշտ է» ասածը իրականում սուտ է, իսկ «սուտ է» ասածը՝ ճիշտ»,- ասել է թուրք իշխանամետ լրագրողը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Le Point» հայտնի հանդեսը հերթական համարի շապիկին պատկերել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ անելով հետևյալ գրությունը՝
«Բռնապետը.
Որքան հեռու կգնա Էրդողանը»։
Թեմայի առնչությամբ ավելի վաղ մեկնաբանություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։ Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ Բռնապետ ասելով՝ հնարավոր չէ վերադարձնել այն օրերը»,-նշել է Քալընը «Twitter»-ում կատարած գրառման մեջ։