«Վովա Գասպարյանն անուղղակիորեն դրեց պետության կողմից քաղաքացուն հնարավորինս շատ տուգանքների միջոցով ճնշելու համակարգը»
Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:
Այսօր հրավիրված քննարկման ժամանակ «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանն ասաց, որ իրենք դեռևս 2015 թվականից են հորդորել ոստիկանությանն այդ քայլն անել. «Քանի որ, եթե տվյալ քաղաքացին երթևեկությանը խոչընդոտ չի հանդիսացել, վտանգ չի ստեղծել հետիոտների համար, սխալ է նրանց վարչական պատասխանատվության ենթարկելը»:
Հարցին՝ չտուգանելը դրակա՞ն, թե՞ բացասական կազդի ճանապարհային երթևեկության կանոնները հետևել-չհետևելու վրա՝ Տ. Քեյանը պատասխանեց, որ դա ո՛չ դրական կազդի, ո՛չ բացասական. «Դրական կազդի մարդկանց սոցիալական վիճակի վրա»:
Փաստաբան Գագիկ Մելիքյանն էլ նկատեց, որ այդ տուգանքները ոչ միայն խնդիր էին առաջացնում վարորդների համար, այլև՝ նպաստում էին, որ դատարանները գերծանրաբեռնվեն: Նրա խոսքով, դատարաններում բազմաթիվ գործեր վերաբերում էին հենց այդ տուգանքներին: Ըստ նրա՝ այս որոշումը կբերի դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման:
«Իմ իրավապաշտպանը» հ/կ նախագահ Քրիստ Հովսեփյանն էլ նկատեց, որ որոշ դեպքում վարորդները կողմ են տվյալ օրենքի գործածմանը, որոշ դեպքերում՝ ոչ. «Այստեղ նշվում է, որ թարթիչի և ծխելու պարագայում վարորդները պետք է զգուշացվեն, ոչ թե՝ տուգանվեն, բայց դա հենց կարող է ստեղծել վթարային իրավիճակ: Այո, դատարանները ծանրաբեռնված էին, ու կարելի է դրական համարել սա այդ առումով, բայց պետք է հստակ կանոնակարգվի այս ամենը»:
Հարցին՝ արդյոք սա կօգնի՞ ավելի օրինապահ վարորդներ ունենալ, Տ. Քեյանը պատասխանեց, որ ինքը կողմ է համաներմանը, քանի որ, ըստ նրա, այն թույլ կտա վարորդներին ուղղվել ու խախտումներ չանել. «Տարբեր ակցիաների միջոցով կարելի է խրախուսել վարորդներին, որ իրենք խախտումներ չիրականացնեն»:
Գ. Մելիքյան նկատեց, որ այդ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը միանշանակ որոշ չափով ազդել են խախտումների կանխարգելմանը. «Քաղաքացին, որը մի անգամ կատարելով խախտումը, ստանում է ակտը, դա օգնում է նրան հասկանալ, որ հաջորդ անգամ չպետք է անել: Տարիներ առաջ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանն ասաց՝ պետք է կպնել մարդու գրպանին, մինչև չկպնես մարդու գրպանին, նա չի հասկանում, որ դա չի կարելի:
Հետևաբար՝ կարելի է հասկանալ, որ ինքն անուղղակիորեն դրեց պետության կողմից քաղաքացուն հնարավորինս շատ տուգանքների միջոցով ճնշելու համակարգը, ու դա կանաչ լույս ստացավ, ու սկսեցին ամեն մանրուքի համար մարդկանց տուգանել: Երեկվա ոստիկանության հայտարարության մեջ մենք տեսնում ենք ուղղակի քաղաքականության փոփոխություն»: