Բաժիններ՝

«Դուք ո՞ւմ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակներ կան». վարչապետը` ՍԱՊԾ պետին

Այսօր կառավարության նիստի սկզբում՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նամակներ է ստացել ռուսական «Ռոսսելխոզնադզորից»` Հայաստանից գյուղմթերքների արտահանման խնդիրների մասին: Նա տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ ինքը չգիտի այդ նամակների մասին:

ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակներ պարբերաբար են ստանում, իսկ տվյալ դեպքում հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ:

«Կներեք, ես ուզում եմ հասկանալ` դուք ո՞ւմ եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակներ կան»,- Ի. Կարապետյանին ընդհատեց վարչապետը:

«Ո՞ր իրավիճակի մասին է խոսքը, պարոն վարչապետ»,- իր հերթին հարցրեց Կարապետյանը:

Կարդացեք նաև

Ն.Փաշինյանն ասաց, որ խոսքը ռուս գործընկերների կողմից ներկայացված նամակի մասին է, և հարցը շատ կարևոր է, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին գործողություններից մեկը եղել է Կարապետյանին զանգելն ու բերքի արտահանման ոլորտում խնդիրների մասին հետաքրքրվելը, բայց նամակների մասին ՍԱՊԾ պետն իրեն չի զեկուցել:

«Դուք հարցը ճիշտ չհասկացաք` ո՞ւմ եք զեկուցել կառավարության անդամներից` գյուղնախարարին զեկուցե՞լ եք, փոխվարչապետերին զեկուցե՞լ եք, վարչապետին զեկուցե՞լ եք»,- Կարապետյանին կրկին ընդհատեց Ն.Փաշինյանը:

ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ նման քննարկում եղել է գյուղնախարարի հետ, փորձել է նաև կապվել Արարատ Միրզոյանի հետ, սակայն չի հաջողվել, և սահմանված գործողություններն իրականացվել են:

Ըստ նրա` խնդիրը վերաբերել է միայն մեկ ընկերության կողմից լոլիկի արտահանմանը, հսկողությունն ուժեղացվել է: Նա նշեց, որ հիմնական խնդիրները վերաբերում են Հայաստանից տեղափոխվող ապրանքների մակնշմանը, փաթեթավորմանը:

Վարչապետը կրկին ընդհատեց նրան` ասելով, որ նամակներում ուրիշ բան է գրված` ֆիտոսանիտարիայի կանոնների պահպանման խնդիր է եղել:

Ի.Կարապետյանը տեղեկացրեց, որ բեռը հետ է ուղարկվել, ապա պահանջներին համապատասխանող մասը վերաարտահանվել է:

«Ո՞րն է այն մարմինը, որ երաշախավորում է, որ գյուղմեթերքը մեր երկրից կարտահանվի մեր պարտավորություններին խստիվ համապատասխան»,- հետաքրքրվեց վարչապետը:

Ի.Կարապետյանը պատասխանեց, որ ծառայությունը համապատասխան հսկողություն է սահմանում, սակայն խնդիրը կրում է համակարգային բնույթ, որովհետև հաճախ, երբ մեր տնտեսվարողներն իրականցնում են արտահանում, չունենալով լոգիստիկ և մակնշման համապատասխան կարողություններ, արտահանում են իրականացնում երկրորդային օգտագործման արկղերով և ունենում են խնդիրներ: Նրա խոսքով` վերջին շրջանում ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում որևէ բողոք չեն ստացել.

«Այսինքն` խնդիրը գնում է դեպի կարգավորում»:

Ի.Կարապետյանի խոսքով` «Ռոսսելխոզնադզորի» կայքում երևում է, որ նման պահանջներ ներկայացվում են տարբեր երկրների այս կամ այն ապրանքներ չթույլատրելու մասով:

Նա նշեց, որ անցած տարի ՀՀ ներկրումների ժամանակ 140 խախտման դեպք է հայտնաբերվել, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 50:

Ն.Փաշինյանը հանձնարարեց արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր ունեցած ընկերությանը զգուշացնել և ապահովել, որ նման իրավիճակներ չծագեն հետագայում: Ըստ նրա` այս իրավիճակի կրկինություն չպետք է լինի, այսինքն` գյուղմթերքի արտահանումը պետք է իականացվի պահանջներն խստիվ համապատասխան.

«Ակնկալում եմ, որ այս հարցը քննարկում ենք վերջին անգամ»:

Ի.Կարապետյանը նշեց, որ սա գործընթաց է և պարբերաբար կարող են լինել շեղումներ, բայց ծավալի համեմատ դա չնչին է:

«Բնականոն ռեժիմով պետք է իրականացվի արատհանումը»,- հանձնարարեց վարչապետը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս