Բաժիններ՝

Մեր պետությունն ու մեր եկեղեցին

Կտրուկ փոփոխությունները բավական լուրջ մարտահրավեր են ցանկացած հասարակության համար: Այդ շրջանում դժվար է, պարզ բառապաշարով ասած՝ «թացը չորից զատել»: Հասարակական ցնցումների շրջանում հարցականի տակ են ընկնում նաև ժամանակների քննությունը բռնած դարավոր արժեքներ ու արժեհամակարգեր:

Դավադրությունների տեսության կողմնակից չլինելով՝ կարող եմ պնդել, որ արտաքին շատ ուժեր նման իրավիճակներում փորձում են պղտոր ջրում ձուկ բռնել: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից մեր հասարակական կյանքում բազում նման օրինակներ հայտնվեցին:

Անկախության հռչակումից անմիջապես հետո Հայաստան ժամանեց մի շվեդ երիտասարդ, որ իրեն կենդանի ու իրական Հիսուս հայտարարելով՝ փորձեց կրոնածիսական տարօրինակ միջոցառումներ կազմակերպել: Կազմակերպել հենց այն հրապարակում, որտեղից սկսվել էր ժողովրդական շարժումը: Այդ պահին թե մեր երկրի իշխանությունները, թե՛ հասարակությունն արտերկրից «ներմուծվող» գաղափարները գնահատելու բավարար փորձ չուներ:

Ավելին՝ այդ պահին քչերն էին հավատում, որ օտարածին կրոնական ուսմունքները կարող են ազգային վնաս պարունակել: Հետո Հայաստանում բազմաթիվ այլ կրոնական աղանդ-հարանվանություններ հայտնվեցին: Մի քանի տարի պետք եղավ՝ պարզելու համար, որ այդ աղանդներից մեկն իր գործունեությունը կենտրոնացրել էր Ատոմակայանի աշխատակիցների ու մոտակա բնակավայրի վրա:

Նման «կենտրոնացումները», հարկավ, պատահական չեն լինում: Ասենք, որ այդ աղանդը, որպես տոտալիտար կրոնական ուղղություն, արգելված է ավելի քան 20 երկրում: Իսկ զարգացած համարյա բոլոր երկրներում այն գրանցված է՝ որպես հասարակական կազմակերպություն, և չի կարող հանդես գալ որպես կրոնական կազմակերպություն: Հայաստանում այն շարունակում է գրանցված մնալ՝ որպես քրիստոնեական կազմակերպություն: Հանգիստ ժամանակներում այս հարանվանություն-աղանդ կոչվածների գործունեությունը համարյա նկատելի չէ: Մինչդեռ այս օրերին դրանք կտրուկ ակտիվացել են:

Հավանաբար բնական է, որ պիտի ակտիվանային: Սոցիալական ցանցերում հայկական անուն-ազգանունով գրանցված մոտ մեկ տասնյակ կեղծ օգտատերեր վարկաբեկիչ նյութեր են հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու և մեր եկեղեցու սպասավորների մասին:

Վերջին տարիների բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր հասարակական կյանքում սոցիալական ցանցերը բավական նկատելի դերակատարություն ունեն: Հատկապես հասարակական կարծիքի ձևավորման գործում: Դա հավանաբար մեր ազգային առանձնահատկություններից է: Մենք միշտ էլ չափազանց արագ ենք ինտեգրվում համաշխարհային գործընթացներին և չափազանց արագ ենք յուրացնում ու օգտվում տեխնիկական առաջընթացից:

Դա գիտեն անգամ մեր թշնամիներն ու հակառակորդները: Համացանցային անվտանգության մասնագետները մեր հասարակությանը պարբերաբար տեղեկացնում են հայկական անուններով գրանցված ադրբեջանական կայք ու օգտատերերի գործունեության մասին:

Զգուշացնում ու կոնկրետ խորհուրդներ են տալիս: Բայց հավատքի մեր եկեղեցու և եկեղեցականների մասին օրեր շարունակ տարածվող կեղծ տեղեկատվությունը՝ առանց դիմադրության հանդիպելու, ներխուժում է սոցիալական ցանցեր:

Ավելին՝ դրանք բավական զավեշտ դրսևորումներ են ունենում նաև իրական կյանքում: Մի քանի օր առաջ ինչ-որ նախաձեռնող խումբ առաջարկում էր բողոքի քայլերթ անել դեպի Էջմիածին և պահանջել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Քայլերթը պիտի սկսվեր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից: Հետաքրքրության համար գնացի:

«Բողոքի ակցիային» մասնակցում էր երեք մարդ: Լրագրողներ ու լրատվամիջոցներ համարյա չկային: Մեղմ արտահայտվելով՝ ասենք, որ բավական զավեշտ տեսարան էր: Երեք մարդ պահանջում էր մի բան, որ հազվադեպ է արձանագրվել մեր 1700-ամյա եկեղեցու պատմության մեջ: Կատարվածը ոչ մի լրատվամիջոց չլուսաբանեց: Բայց երեք հոգիանոց «քայլերթի» մասին լուսանկարն ու վերնագիրն առայսօր պարբերաբար հայտնվում է սոցիալական ցանցերում: Զուգահեռաբար՝ երբեմն-երբեմն պախարակող տեղեկություն է հայտնվում հոգևորականների մասին:

Քրիստոնյա առաջին երկրում նման նաիվ մեթոդներով քրիստոնեական եկեղեցին վատաբանելը հասարակական լայն մասշտաբ չի ընդունի, իհարկե: Բայց միշտ էլ հարկավոր է հաշվի առնել, որ այդ հարանվանություն-աղանդների թիկունքում օտար, սակայն ազդեցիկ ուժեր են: Հիմա նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում:

Մեր պետությունը՝ ի դեմս մեր երիտասարդ իշխանավորների ու հասարակության՝ նոր մարտահրավերների առջև է կանգնած: Ափսոս, որ պատշաճ ոգևորությամբ չենք դիմավորում Առաջին Հանրապետության 100-ամյակը: Բայց հո հիշում ենք, որ Սարդարապատի հաղթանակը կայացավ Մայր Աթոռի զանգերի ղողանջի ներքո, հայ զինվորի ու հայ մահապարտ հոգևորականի ձեռամբ ու Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնանքով: Միշտ պիտի հիշենք, որ մեր Պետության առաջին ու անմնացորդ աջակիցը մեր Եկեղեցին է, որովհետև մեր եկեղեցին հենց մենք ենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս