«Ռոստոմյանը որոշել է «մաքրել» տարածքը, որպեսզի հետո չջարդվի իր վրա». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայությունում նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ ստուգումներ են սկսվել անկախ հանձնաժողովի եւ Վերահսկիչ պալատի կողմից։

«Ստուգումները չեն արվում անելու համար, բոլոր նրանք, ովքեր խախտումներ են թույլ տվել, կպատժվեն»,- վստահեցրեց Ռոստոմյանը, ով օրերս ԱԻՆ փրկարար ծառայության պետի պաշտոնից ազատեց տխրահռչակ Մուշեղ Ղազարյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին։

Տեղեկություններ կան, որ նրա ղեկավարած կառույցում լուրջ չարաշահումներ են կատարվել, Ռոստոմյանն էլ, հավանաբար, որոշել է «մաքրել» տարածքը, որպեսզի հետո չջարդվի իր վրա։

Ղազարյանի պաշտոնանկության հիմքերի մասին նախարարն ասաց․ «Մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, անբասիր ու բարի համբավ ունեն, բնականաբար, շարունակելու են աշխատել՝ անկախ ունեցած քաղաքական հայացքներից։ Իսկ այս կոմպոնենտների բացակայության պարագայում, անկախ ունեցած հովանավորներից, չեն աշխատի»։

Հետաքրքրվեցինք՝ Մուշեղ Ղազարյանը համբավի՞, թե՞ պրոֆեսիոնալիզմի խնդիր ուներ։ «Այս պահին ես կարող եմ ասել, որ նախարարությունում, մասնավորապես՝ փրկարար ծառայությունում, ստուգումներ են, բոլոր նրանք, ովքեր խախտումներ են թույլ տվել, կպատժվեն»։ Նա չբացառեց, որ ստուգումների ավարտից հետո՝ մեկ ամսից, դարձյալ կադրային փոփոխություններ կլինեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս