Թուրքամետ հույն քաղաքապետը ծեծի է ենթարկվել Հունաստանում
1914-1922 թթ. Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում, որն այժմ մտնում է Թուրքիայի տարածքի մեջ, թուրքերը ցեղասպանության ենթարկեցին տեղի հույներին։
Այս տարվա մայիսի 19-ին էլ հույն ժողովուրդը նշեց իր պատմության այդ ողբերգական էջի հերթական տարելիցը: Զոհերի հիշատակման արարողությանը մասնակցել է Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսը, ով միշտ աչքի է ընկել թուրքերի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքով։ Դրա վառ ապացույցը եղավ նրա վերջին հայտարարությունը.
«Ես միշտ ասել եմ` թուրքերը մեր եղբայրներն են, իհարկե, Աթաթուրքը կարող է լինել թուրք, բայց նա նախևառաջ սալոնիկցի էր»։
Հաշվի առնելով այդ ամենը՝ արարողությանը մասնակցած հույն ազգայնականները պահանջել են, որ Սալոնիկի քաղաքապետը չմասնակցի զոհերի հիշատակման արարողությանը:
Բայց հույն պաշտոնյան հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Հետևանքը եղել է այն, որ Սալոնիկի քաղաքապետը ենթարկվել է հարձակման և ծեծի: Նրան տեղափոխել են հիվանդանոց: