
Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհել է «B+» վարկանիշը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին հեղինակավոր Ֆիթչ վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
Գործակալության հրապարակված զեկույցում նշված է, որ Բանկն արժանացել է նման գնահատականի շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Ստացված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունը, այդ թվում՝ մասնաճյուղերի առկայությունը հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև իրացվելիության բարձր մակարդակը:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջին տարիների բարդ մակրոտնտեսական պայմաններում Բանկը կենտրոնացել է ակտիվների որակի բարձրացման վրա։ Այս ամենն իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին:
Fitch Ratings գործակալության կողմից ստացված վարկանիշային գնահատականը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը: