Գերմանիան պատրաստակամ է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպան Քիսլերը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ներկայացնելով գերմանական կողմի դիրքորոշումը` նա հայտնել է, որ դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլ նաև քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը: Նախարար Ջանջուղազյանը ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորությունը և նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի և փորձի փոխանակման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական և տեխնիկական հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ համագործակցության այլ հարցերի և կարևորել համագործակցության ընդլայնման հեռանկարները: