
«Թուրքիայի սնանկացումը սկսվել է». հայտնի տնտեսագետ

Հայտնի մակրոտնտեսագետ Ռասել Նեփյերը շվեցարական առաջատար «Neue Zürcher Zeitung» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում վատատեսական կանխատեսումներ է արել Թուրքիայի տնտեսության համար:
Ըստ Նեփյերի կանխատեսումների՝ Թուրքիայում կրկնվելու է 1980-ականների իրավիճակը՝ առաջացնելով խորը ճգնաժամ:
«Թուրքիայի սննկացումը սկսվել է»,- ասել է հայտնի տնտեսագետը՝ ավելացնելով, որ ամենաուշը ընտրություններից հետո (ս/թ հունիսի 24-խմբ.) թուրքական լիրայի արժեզրկումը ահագնացող չափերի կհասնի, ինչի հետևանքով Թուրքիան չի կարողանա վճարել 400 մլրդ դոլարի հասնող պարտքը: Տնտեսագետը նկատել է, որ այս ճգնաժամը մեծապես կազդի նաև իտալական ու ֆրանսիական բանկերի վրա, սակայն Եվրամիությունը կփրկի դրանց:
Ըստ Նեփյերի՝ դժվարությունների կհանդիպեն հատկապես արտարժույթով պարտքեր ունեցող ընկերությունները:
Ավելացնենք, որ վերջին ամիսներին թուրքական լիրան մեկը մյուսի ետևից ռեկորդային արժեզրկումներ է գրանցում արտարժույթի, հատկապես դոլարի ու եվրոյի նկատմամբ: