«Այս խաղաշապիկը դարձել է իմ երկրորդ մաշկը». Բուֆֆոնը հրաժեշտ է տվել երկրպագուներին
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ հեռանալու է ակումբից այս ամռանը: Այս հայտարարությունից հետո Բուֆֆոնը հրաժեշտի նամակ է գրել:
«Վեց հազար տասնմեկ օր: Վեց հազար տասնմեկ մաքուր կրքի պահեր: Ուրախություն, արցունքներ, պարտություն և հաղթանակ: Շնորհակալություն: Շնորհալություն ձեզնից յուրաքանչյուրին: Որովհետև ձեզնից յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունի իմ կյանքի այս էտապում:
Այս խաղաշապիկը դարձել է իմ երկրորդ մաշկը: Մաշկ, որը ես կրել եմ, սիրել և հարգել, որը գնահատել եմ և պաշտպանել՝ կրելով այն՝ առանց որևէ վերապահման և, միևնույն ժամանակ, անսահման կրքով, որը իմ մի մասն է:
Վաղը ճանապարհորդությունը կավարտվի: Կփակվի գիրքը, որը մենք գրել ենք միասին: Հետո կսկսվի նոր ճանապարհորդություն, որն անխուսափելի է: Նոր գիրք: Այն պետք է սկսվի:
«Յուվենթուսը» միշտ կլինի ավելին, քան ցանկացած խաղացող: Այն կշարունակի գրել նշանակալի էջեր իր գրքում, որը կլինի անվերջանալի: Որովհետև այս ակումբի ԴՆԹ-ն անհամեմատելի է: Դա հիասքանչ է և անկրկնելի: «Յուվենթուսը» իմ ընտանիքն է: Ես միշտ կսիրեմ այն, շնորհակալ կլինեմ և կանվանեմ այն իմ տունը: Չէ՞ որ նա այսքան բան է տվել ինձ: Անկասկած ավելին, քան ես եմ տվել նրան: Վերջ:
Ես սկսում եմ նայել ապագային այլ աչքերով: Ես հետաքրքրությամբ կընդունեմ բոլոր հանդիպումները, որ կյանքը պատրաստել է ինձ համար: Ես առողջ մտահոգություններ կունենամ որպես մարդ, ով բախվել է շատ փորձություների, երբեմն հաղթել է, շատ անգամ՝ պարտվել, բայց հասկացել է, որ դրանցից յուրաքանչյուրը նման չէր նախորդին:
Ես մարզադաշտ եմ եկել հեծանիվով: Ես այնքան երիտասարդ էի: Ես ուզում եմ հեռանալ այնպես, որ վայելեմ յուրաքանչյուր ակնթարթը, վայելեմ բաժանման տխրությունն ու ծափերի երջանկությունը: Ուզում եմ գիտակցել, որ ես միշտ կլինեմ մոտ այն տեղին, որ ես տուն եմ անվանում: Միշտ: Ընդմիշտ ձեր Ջանլուիջի Բուֆֆոն»,- ասվում է Բուֆֆոնի նամակում:
Սիրարփի Աղաբաբյան