Լագերֆելդն սպառնացել է հրաժարվել ԳԴՀ-ի քաղաքացիությունից Մերկելի քաղաքականության պատճառով
Կուտուրիե Կարլ Լագերֆելդն սպառնացել է հրաժարվել Գերմանիայի քաղաքացիությունից ի նշան միգրացիայի ոլորտում ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականության դեմ բողոքի: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը մոդելագործն արել է հարցազրույցում, որը մայիսի 10-ին հրապարակվել Le Point ֆրանսիական հանդեսում:
«Ինչու Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան իր տարածքում կընդունի մեկ միլիոն միգրանտների: Նա պետք է հիշեր Գերմանիայի անցյալի մասին: Ես արհամարհում եմ տիկին Մերկելին այն բանի համար, որ նա մոռացավ դա անել»,-ասել է Chanel նորաձեւության տան գեղարվեստական տնօրենը: «Մերկելն այդ կերպ ցանկանում էր ստեղծել իր դրական կերպարը:
Նրան՝ որպես բողոքական պաստորի արժանի դստեր, անտանելի է մտածել այն չարիքի մասին, որը Գերմանիան ուրիշներին պատճառել է 1933 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում»,-ասել է մոդելագործը:
«Բայց պարադոքսն այն է, որ, փորձելով ուղղել չարիքը, նա արդյունքում այդ չարիքի համար ճանապարհ բացեց դեպի իշխանություն: Մինչ այդ «այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը գործնականում գոյություն չուներ, բայց Մերկելը միայն այդ արտահայտությամբ ապահովեց նրա գոյությունը եւ 2 մլն ընտրողների աջակցությունը, ինչի արդյունքում հարյուր ազգայնամոլներ հայտնվեցին խորհրդարանում»,-հավելել է Լագերֆելդը:
«Եթե այսպես շարունակվի, ես կհրաժարվեմ Գերմանիայի քաղաքացիությունից: Ես այլեւս մտադիր չեմ գտնվել նեոնացիստների այդ ակումբի կազմում,-ասել է համաշխարհային ճանաչում ունեցող կուտուրիեն, որը ծնվել է Համբուրգում:-Բայց միեւնույն ժամանակ ես մտադիր չեմ դառնալ ֆրանսիացի: Ես ազգեր չեմ սիրում, ես կոսմոպոլիտ եմ»: