«Եթե Փաշինյանը հասնի դրան, որ Արցախի ղեկավարը ներկա լինի բանակցային սեղանի շուրջ, ապա նա իրավամբ կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ»

Հարցազրույց ռուս հրապարակախոս, քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ

 – Պարոն Դվորնիկով, Հայաստանում փոխվել է իշխանությունը, վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։ Այս փոփոխությունն ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հակամարտության լուծման վրա։

– Երկար ժամանակ հայկական կողմից բանակցողը եղել է Սերժ Սարգսյանը։ Այժմ բանակցային սեղանի մոտ նստելու է մեկ այլ անձնավորություն։ Սա նշանակում է, որ միանգամից մի քանի գործոն է ի հայտ գալիս։ Առաջին՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պետք է ցուցադրի՝ որպես ուժեղ բանակցող, որպեսզի ամրապնդի իր հեղինակությունը։ Իր հերթին՝ Ադրբեջանը փորձելու է «կոտրել» նոր պատվիրակին, ուժեղացնել ճնշումը, փոփոխություններն օգտագործել նրա համար, որ նոր պահանջներ առաջ քաշի։ Սա նշանակում է, որ բանակը պետք է լինի մարտունակ և պատրաստ վիճակում։ Սադրանքներն անխուսափելի են։ Ռուսաստանը նույնպես կհետևի, կուսումնասիրի նոր մարդուն։ Սակայն, ամեն դեպքում, ամեն ինչ Փաշինյանի ձեռքերում է։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է ամեն ջանք գործադրել՝ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, որ Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը։ Այս նոր իրողություններում ի՞նչ տարբերակով եք տեսնում այս խնդրի լուծումը։

– Դա լիովին ճիշտ դիրքորոշում է։ Չի կարելի որոշել մի հանրապետության ճակատագիր՝ առանց նրա ներկայացուցիչների մասնակցության բանակցություններում։ Եթե Փաշինյանը հասնի դրան, որ Արցախի ղեկավարը ներկա լինի բանակցային սեղանի շուրջ, ապա նա իրավամբ կմտնի մեծագույն քաղաքական գործիչների շրջանակ։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հարց չկա։ Մայիսի 14-ին Սոչիում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից։

– Կարելի է ակնկալել պրագմատիկ լուծումներ տնտեսության և պաշտպանության ոլորտներում։ Դա պետք է լինի գործընկերների հանդիպում, որոնք ձգտում են կայունացնել իրադրությունը տարածաշրջանում և նոր շունչ հաղորդել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Հուսով եմ, որ դա կհաջողվի։ Փաշինյանն ունի ժողովրդական աջակցություն, իսկ դա գլխավոր բանակցային մանդատն է։

– Ձեր կարծիքով՝ կա՞ բարենպաստ միջավայր, որպեսզի բարձրագույն մակարդակում քննարկվի Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների դադարեցման հարցը։

– Այո, այժմ շատ բարեհաջող պահ է, որպեսզի այդ ծայրաստիճան տհաճ հարցում վերջակետ դրվի։

Տեսանյութեր

Լրահոս