«Դա պետության համար կործանում է նշանակում». Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ զինվորական համազգեստով զինվորականների մասնակցությանն ապրիլի 23-ին կազմակերպված երթին։
«Զինվորական համազգեստով զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է։ Ապագա պաշտպանության նախարարին հորդորում եմ շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո։ Ես ընդունել եմ զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը, այն ուղարկել կառավարություն, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ նախագահի հաստատմանը։ Հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության՝ պետք է ձեռնարկի համապատասխան քայլ՝ իրավական կարգավորումով։ Ցավով եմ դա արել, որովհետև այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, ընդունելի սպա է։ Ես հասկանում եմ նրա զեկուցագրի իմաստը, ինքս էլ նույնը կանեի»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը։
Նա ընդգծեց, որ անհնար է Զինված ուժերի միջամտությունը քաղաքացիական ակցիաներին.
«Ըստ օրենսդրության՝ Ոստիկանությունը պետք է պարբերաբար անցկացնի Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների ատեստացիա, ուսուցում՝ անցագրային ռեժիմի ստուգման, օբյեկտների պահպանության և այլնի մեջ հնարավոր ներգրավման առումով։ Որևէ արտառոց միջոցառում այդ օրերին Ոստիկանությունը ոչ մի զորամասում չի իրականացրել։ Ի պատիվ Զինված ուժերի՝ ողջ զինուժում զինվորականների այդ քայլը բացասական է ընկալվել։ Բոլորը հասկանում են, որ նման ներգրավումը մի կողմից որևէ ձևով՝ անմիջապես դուռ է բացում բանակի մյուս կողմի ներգրավման համար։ Դա անթույլատրելի է, պետության համար կործանում է նշանակում, դա է պատճառը, որ հորդորում եմ ապագա նախարարին գործն անավարտ չթողնել»։