
Քամբերբեթչը ճիշտ չի համարում նկարահանվել այն ֆիլմերում, որտեղ կանանց տղամարդկանցից ավելի քիչ են վճարում

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչն այն կարծիքին է, որ չարժե նկարահանվել այն ֆիլմերում, որոնցում զբաղված կանայք ավելի քիչ են ստանալու, քան տղամարդիկ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա պատմել է Radio Times շաբաթահանդեսին տված հարցազրույցում:
«Հարցրեք՝ որքան են վճարում կանանց եւ ասացեք. «Եթե նրանց աշխատանքը նույն չափով չի վճարվում, որքան տղամարդկանցը, ապա ես դա չեմ անի»,-նշել է դերասանը: Ցանկանալով նշել կանանց դերերի կարեւորությունը, նա հիշատակել է այն նախագիծը, որը ներկայում իրականացվում է նրա Sunny March պրոդյուսերական ընկերության կողմից: Դա Մեգան Հանթերի «Ավարտ, որից սկսվում է ամեն ինչ» վեպի էկրանավորումն է:
«Մեր հաջորդ նախագիծը մի կնոջ պատմություն է, որը մայրությունը կնոջ ընկալման պրիզմայով դիտարկում է բնական աղետի ծավալման շրջանում: Հանդիսականների լսարանի կեսը լինելու են կանայք»,-հայտարարել է նա: Քամբերբեթչի հայտարարությունները պատասխան են դարձել բրիտանական հասարակության մեջ տղամարդկանց ու կանանց աշխատավարձերի տարբերության հարցի շուրջ ծավալված բանավեճին:
Օրինակ, հայտնիէ դարձել, որ Քլեր Ֆոյը, որը Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դերակատարն է «Թագը» սերիալում, աշխատանքի դիմաց ավելի քիչ է ստացել, քան դերասան Մեթ Սմիթը, որն էկրանին մարմնավորել էր նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին:
Ընդհանուր առմամբ Բենեդիկտ Քամբերբեթչը խաղացել է 60-ից ավելի դերեր, ամենահայտնիներից մեկը դարձել է բրիտանացի խուզարկու Շեռլոք Հոլմսի կերպարը: Փետրվարին հրապարակված հետազոտության համաձայն, Քամբերբեթչի մարմնավորած հերոսը առավել մեծ ժողովրդականություն վայելողն է դարձել BBC-ի հանդիսատեսների շրջանում՝ հետ մղելով Monty Python կոմիկ-խմբին:
«Շեռլոք» սերիալի չորս եթերաշրջաններում հայտնված դետեկտիվին առաջին տեղն են տվել հետազոտության մասնակիցների 30 տոկոսը, որն ընդգրկել է յոթ երկիր, այդ թվում՝ Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան: Քամբերբեթչը կարողացել է առաջ անցնել Doctor Who («Դոկտոր Ովը») ժողովրդականություն վայելող գիտաֆանտաստիկ սերիալի (17,6 տոկոս) հերոսից: Երրորդ տեղում հայտնվել է ավագ տեսուչ Ջոն Լյութերը՝ Luther («Լյութերը») դետեկտիվ սերիալից, որին մարմնավորել է Իդրիս Էլբան (12,4 տոկոս) կատարմամբ: