Առաջին քայլը, որ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

Հարցազրույց միջազգային փորձագետ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ։

– Պարոն Իգիթյան, մայիսի 8-ին վարչապետի ընտրության ժամանակ անակնկալներ սպասվո՞ւմ են։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը և Իշխան Զաքարյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ։ Սա ի՞նչ կարող է նշանակել։

– Ճիշտն ասած, այս ժամանակաշրջանում տարբեր լուրեր են պտտվում, որովհետև իրավիճակն իրոք լարված է, և բոլորը հասկանում են՝ ինչի են ունակ իշխանությունից հեռացող այս մարդիկ։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել միայն մի ձևով, որ հանրապետական պատգամավորները՝ համատեղ, մի քանի հոգի, առանձին-առանձին, էական չէ, կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Մնացած այլ հարցերն ավելի քիչ էական են։ Եվ ամեն ինչ պարզ կլինի մայիսի 8-ին։

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հանդիպումները նման անձանց հետ էական չե՞ն և չե՞ն կարող իրավիճակ փոխել։

– Իհարկե, հանդիպումներ կան, իրենք էլ անընդհատ նիստեր են անում, և այլ մարդիկ էլ են հանդիպում, բայց մի հանգամանք կա, որ կայուն է, եղել է թե՛ ապրիլի 25-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, թե՛ մայիսի 1-ին, թե՛ հիմա՝ նույնն է՝ համատարած ըմբոստությունն է և ժողովրդի պահանջը, որը կապված չէ անձերի հետ, այլ կապված է իրադարձության հետ, որը պետք է կայանա։ Այս տեսակետից ով ում հետ հանդիպի, ինքը կարող է փոխել ինչ-որ մի մարդու տեսակետը, բայց չի կարող ազդել այս համատարած ըմբոստության վրա։

– Ռուսաստանում կրքերը բորբոքվել են, Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալությանն ընդառաջ՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում: Հիշում ենք, որ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին որպես «մեղադրանք» էր ներկայացվում, որ Նավալնին աջակցություն է հայտնել նրան։ Ռուսաստանյան այս դեպքերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ մայիսի 8-ի ընտրության վրա։ Չէ՞ որ վարչապետը դեռևս չի ընտրվել։

– Նախ՝ պետք է հասկանանք, որ Հանրապետական կուսակցության ազդեցիկ մարդիկ, օգտագործելով նաև Ռուսաստանում իրենց կապերը, առաջին օրերից փորձում էին Ռուսաստանից ազդակներ ուղարկել այստեղ, որ Ռուսաստանն ուժային ձևով կմիջամտի, տալիս էին տարբեր սցենարներ՝ վրացական, ուկրաինական և այլն։ Դա, իհարկե, անընդունելի է, հասկանալի է, որ այդ մարդիկ որևէ կապ չունեն Հայաստանի պետական գործիչ հասկացողության հետ։ Իհարկե, դա իր դերն ունեցել է, և մենք տեսել ենք, թե ինչպիսի հաղորդումներ են այնտեղ հրապարակվում՝ ի դեմս կիսելյովների, սոլովյովների և տարբեր այլ ցածր մակարդակի մարդկանց։

Ինչ վերաբերում է Նավալնիի ասածին, ինձ թվում է՝ ցանկացած մարդ կարող է ողջունել հայ ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ դա իրենց կազմակերպածն է։ Հակառակը։ Մի տեղ գրված էր, որ ավելի վատ կլիներ, եթե մեզ շնորհավորեր Կիմ Չեն Ինը կամ Բաշար Ասադը, և այլն, իսկ այն, որ Սահակաշվիլին կամ Նավալնին ողջունում են, դա որևէ ձևով չի վարկաբեկում շարժումը։

Ուղղակի բոլորս տեսել ենք մայիսի 1-ին Հանրապետականի պլանավորված հարձակումը թե՛ շարժման, թե՛ Նիկոլ Փաշինյանի վրա։ Դա եղել է այս ցածր մակարդակի մարդկանց, ցածր մակարդակի մարտավարության հետևանք։

– Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, հաջորդ քայլը կառավարության ձևավորումն է լինելու։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեսակի կառավարություն ճիշտ կլինի, որ կազմեն։

– Իհարկե, բոլորին այդ հարցը հետաքրքրում է, և դա տրամաբանական է, որովհետև Հայաստանում բոլոր անձերն ունեն թե՛ իրենց պատմությունը, թե՛ իրենց համբավը, և բոլորն իրենց մասին ամեն ինչ գիտեն։ Բայց առաջին հարցը, որ պետք է Նիկոլ Փաշինյանը փորձի լուծել, դա մթնոլորտի փոփոխությունն է թե՛ վարչական տեսակետից, թե՛ օրենսդրական։ Սա առաջին քայլն է, որ պետք է արվի, որովհետև ամենաբարոյական և ամենամաքուր մարդն այս իրավիճակում, որ Հայաստանում տիրել է, չի կարող պատշաճ ձևով աշխատել։ Սա ինձ համար ավելի կարևոր է։ Եվ նույնիսկ մինչև Ազգային ժողովի մյուս ընտրություններն անպայման պետք է օրենքների մի մեծ փաթեթ փոխվի։

Եվ հարցը միայն Ընտրական օրենսգիրքը կամ Կուսակցությունների մասին օրենքը չէ, այլ շատ-շատ հարցերում։ Ճիշտն ասած, դա լրիվ ապագայի քայլ է։ Ես գտնում եմ, որ այս Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ընդունված քաղաքակիրթ ձևով իշխանությունների տարանջատումը և վերահսկողությունը ոչ միայն՝ օրենսդրորեն, այլ նաև՝ ժողովրդի կողմից։ Ես գտնում եմ, որ նաև Սահմանադրությանը պետք է անդրադառնան երկրորդ կամ երրորդ փուլի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս