Յըլդըրըմն ու Բահչելին միասին են ներկայացրել Թուրքիայի նախագահի ընտրություններում Էրդողանի թեկնածությունը գրանցելու դիմումը
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Բինալի Յըլդըրըմը և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին միասին բարձրագույն ընտրական հանձնաժողովում ներկայացրել են նախագահի իրենց թեկնածուին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրանցելու դիմումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն ընտրություններից առաջ հայտարարել են «Հանրապետական դաշինք» կազմելու և միասնաբար հանդես գալու մասին:
Նշենք, որ Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ ևս որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով՝ ի հակակշիռ «Հանրապետական դաշինք»-ի: Դաշինք կազմած ընդդիմադիր կուսակցություններն են քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ», «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները: