ԱԺ-ն քննարկեց ՍԴ անդամի պաշտոնում Էմիլ Բաբայանի թեկնածությունը
Ազգային ժողովն այսօր նիստում քննարկեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։ Առաջադրված է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, ներկայացնելով թեկնածուին, նշեց, որ Բաբայանն Ամերիկյան համալսարանում դասավանդել է Ղարաբաղյան կոնֆլիկտ, այսինքն՝ Ղարաբաղյան կոնֆլիկտն ուսումնասիրել է գիտական մակարդակով, իսկ 2003-ից դասավանդել է Հայոց ցեղասպանություն առարկան, մասնագիտացած է մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերում.
«Սա ինքնին բնութագրական է Էմիլ Բաբայանին՝ որպես բացառապես պրոֆեսիոնալ հատկանիշներ ունեցող անձի։
Եվ ամենակարևորը, ուզում եմ հատկապես մեր գործընկերների համար ֆիքսեմ, երբևէ կուսակցական չի եղել, երբևէ չի հարել որևէ քաղաքական ուժի։ Այսինքն՝ բացարձակ ապաքաղաքականացված սուբյեկտ է Էմիլ Բաբայանը»։
«Մենք եկել ենք եզրահանգման, որ Սահմանադրական դատարանը մեզ համար շատ կարևոր ինստիտուտ է՝ հատկապես իրավական զարգացման հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված: Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական դիրքորոշումներից, հարգեք Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Դա բոլորիս է պետք»,- հավելեց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ առնվազն 32 հասարակական կազմակերպությունների ստորագրությամբ գրություն է մուտքագրվել նախագահի գրասենյակ և Ազգային ժողով, որպեսզի հետ կանչվի ՍԴ դատավորի պաշտոնում Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որպեսզի իրավունքի դատարաններին հատուկ ձևով թափանցիկ ընտրվի ՍԴ անդամի թեկնածուն։
Գ.Կոստանյանը պատասխանեց, թե հ/կ-ների քանակն էական չէ, սակայն նրանք հետ կանչելու պատճառաբանություն նշել են միայն նրան ներկայացնելու ընթացակարգը, իրենցից ոչ մեկը Բաբայանի թեկնածության վերաբերյալ չի նշել, իսկ ներքին դատավորներին ներկայացվող պահանջները նույնը չեն, ինչ միջազգային դատարանների դատավորներին ներկայացվողը։
Է.Բաբայանը շնորհակալություն հայտնեց ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու համար՝ շեշտելով, որ դա մեծ պատիվ ու պատասխանատվություն է. «Հայաստանում ծավալվող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի միտքը զբաղված է մեր երկրի համար շատ կարևոր քաղաքական խնդիրների լուծման վրա: Սակայն վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, անկախ իր քաղաքական դիրքորոշումից, ունի մեկ նպատակ՝ ունենալ և մեր ժողովրդին փոխանցել ժողովրդավարական, իրավական և սոցիալական Հայաստան: Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի Սահմանադրական դատարանը»,- նշեց Է.Բաբայանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՍԴ անդամին խորհրդարանն ընտրում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների առնվազն 3/5-ով։
Քվեարկությունը կկայանա մայիսի 4-ին։