«Իրանի իշխանությունները խուսափում են անդրադառնալ հայաստանյան իրավիճակին՝ մտածելով, որ սա պայքար է Արևմուտքի համար». իրանցի քաղաքագետ
«Նման ցնցումների պահին Ղարաբաղյան հակամարտության բռնկումը սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով Հայաստանում վերջին շաբաթներից ծավալվող ներքաղաքական իրադարձություններին։
Նա նշեց, որ իրանական մամուլն այնքան էլ ակտիվ չի լուսաբանում երևանյան իրադարձությունները, քանի որ այլ երկրներում աշխատող իրանական ԶԼՄ-ները քիչ են։ Ըստ նրա, եղել են որոշ թարգմանված հրապարակումներ, որոնք ողջ պատկերը չեն բացահայտել։
«Կա տպավորություն, որ սա պայքար է Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու և ԵՄ-ին էլ ավելի մերձենալու համար, ինչպես Վրաստանի և Ուկրաինայի դեպքում։ Այս տպավորությունն ու իրավիճակի չտիրապետելու արդյունք է այն, որ ԻԻՀ իշխանությունները խուսափում են անդրադառնալ հայաստանյան իրավիճակին՝ մտածելով, որ սա պայքար է Արևմուտքի համար, որի հետ Իրանի հարաբերությունները դրական մթնոլորտում չեն։
Այնուամենայնիվ, ինչ բովանդակություն էլ ունենան հայաստանյան ներքաղաքական զարգացումները, գործընկերների զուսպ դիրքորոշումը և չմիջամտությունը կարևոր է, հայ ժողովուրդն ինքը կորոշի իր ապագան, իր իշխանություններին, իր խնդիրները։
Իրանը կողմնակից է, որ իր հարևանությունում ցնցումներ չլինեն և բոլոր իրավիճակները հարթվեն կառուցողական երկխոսության մթնոլորտում»,- ասաց Ալի Սալամին։ Իրանցի քաղաքագետի խոսքով, իրավիճակի շուտափույթ հանգուցալուծումը չափազանց կարևոր է ողջ Հարավային Կովկասի և հարևանության համար, քանի որ այստեղ կա ծխացող հակամարտություն։
Սալամին հիշեցրեց, որ կան տեղեկություններ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ։ Այս լուրերը, նրա դիտարկումների համաձայն, պետք է մտահոգեն Հայաստանում և Ղարաբաղում բոլորին, այդ թվում՝ իշխանություններին ու փողոցում կանգնած ցուցարարներին, քանի որ այդ հակամարտության բռնկումը նման ցնցումների պահին սպառնում է ողջ Հարավային Կովկասի և հարևանության անվտանգությունը։
«Մենք տեսել ենք ապրիլյան պատերազմից առաջ հակամարտությունների սրում Հարավային Կովկասի հարևանությունում, նման ծավալուն հեղափոխական իրադարձություններ վերջերս չեն եղել Հայաստանում և Ադրբեջանում, ու սա վտանգավոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ նույնիսկ խաղաղ իրավիճակներում շփման գծում եղել են կրակահերթեր այս կամ այն իրադարձության ֆոնին։ Զգոնությունը պետք է չթուլացնեն ոչ միայն կողմերը, այլև Իրանը, Վրաստանը, համանախագահները։
Կարծում եմ՝ Իրանի իշխանությունները պետք է այս կոնտեքստում հայտարարություններ անեն և ակնարկեն, որ չի կարելի թույլ տալ իրավիճակի սրում Ղարաբաղում, մնացած զարգացումները Հայաստանի ներքաղաքական գործն են, որտեղ միջամտություն չի կարող լինել»,- ասաց Սալամին։