Որո՞նք են լինելու Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերը՝ որպես վարչապետ. պարզաբանում է Փաշինյանը
ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն նոր վարչապետ կընտրի: Դեռևս միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Խորհրդարանում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ ՀՀԿ-ն կխոչընդոտի ընտրության գործընթացին։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ այսօր ՀՀԿ-ի հետ հանդիպում կունենան, որի արդյունքներով պարզ կդառնա այդ հարցի պատասխանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ ամեն ինչ որոշվա՞ծ է, թե՞ պետք է համոզեն ՀՀԿ-ին՝ իրենց օգտին քվեարկել՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ո՛չ որոշված է, ո՛չ էլ պետք է համոզեմ: Կա քաղաքական իրավիճակ, խնդիրն ինչ-որ մեկին ընտրել կամ չընտրելը չէ, խնդիրը ճգնաժամը հանգուցալուծելն է»։
Հարցին՝ ինչպե՞ս է Ն. Փաշինյանը վերաբերվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ իրար փոխանցեն, Փաշինյանը պատասխանեց, որ ժամանակ չի ունեցել ծանոթանալու Ռ. Քոչարյանի այդ հայտարարությանը։
«Դուք քաղաքական իրավիճակը ինքներդ եք տեսել, չեմ կարծում, որ նորից վերապատմելու անհրաժեշտություն կա»,- ասաց նա։
Հարցին էլ՝ մտավախություն չունի՞, որ հետագայում ՀՀԿ-ն կարող է տապալել իրենց բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ Ն. Փաշինյանը պատասխանեց, որ դա քաղաքական իրավիճակի և քաղաքական համաձայնությունների խնդիր է.
«Առաջնային խնդիր է լինելու աշխատանքային մթնոլորտ ձևավորելը, որպեսզի կարողնանք բոլոր հարցերը հանդարտ պայմաններում քննարկել»։
Ն. Փաշինյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե կարո՞ղ է ինքը վստահեցնել, որ իր կողմից նախկինում բարձրաձայնված բոլոր բացասական խնդիրները լուծվելու են.
«Իհարկե, հակառակ դեպքում այս պորցեսն իմաստ չի ունենա, մեր բոլորի խնդիրն իրական և դրական փոփոխություններ բերելն է։ Մինչև հիմա ամեն ինչ արել ենք ժողովրդի միջոցով և շարունակելու ենք անել ժողովրդի միջոցով։ Բոլոր նեգատիվ երևույթները կվերացվեն, ես հիմա չեմ ուզում հարցերը քննարկել անուն-ազգանունների մակարդակով, պետք է սկզբունքները քննարկել»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որո՞նք են լինելու որպես վարչապետ նրա առաջին քայլերը. «Առաջին քայլերը պետք է լինեն հենց նշված խնդիրների լուծման քայլերը։ Մենք պետք է հենց առաջին օրվանից սկսենք երաշխիքների ձևավորումը՝ ազատ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար»։