«Վաղը դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում». Նիկոլ Փաշինյան

«Վերջին 30 օրը ես օրվա 90 տոկոսն անց եմ կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում։ Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու ԱԺ-ում»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է հանդիպումներ ունենա խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի օրվա վերջում կարողանա տեղեկություն տալ ժողովրդին այն մասին, որ իր թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում մայիսի 1-ին երաշխավորված է։

«Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես սենյակում տարբեր քննարկումների եմ մասնակցում։ Խնդրում եմ՝ վաղը դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում»,- ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց՝ այս պահից սկսած դադարեցնել նաև բոլոր հանրապետական պատգամավորներին հեռախոսազանգերի կամ հաղորդագրությունների միջոցով կոնտակտի դուրս գալն ու նրանց առաջ պահանջներ դնելը.

«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու եմ նրանց՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր օրակարգն ի վերջո ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք։ Վաղը մինչև 17։00-ն մենք ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Վաղը 17։00-ին ես գալիս եմ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ, հետո երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ, որտեղ կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին, և մենք որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»։

Նա նաև կոչ արեց մայիսի 1-ին՝ ժամը 8։00-ից բոլոր մարզերից հավաքվել Հանրապետության հրապարակում. «Իսկ թե այդ օրն ինչպես կանցկացնենք՝ կախված կլինի հանրապետությունում ստեղծված իրավիճակից»։

Տեսանյութեր

Լրահոս