«Սույն անձի հասցեին լավագույն պատասխանը պետք է լինի արհամարհանքը»
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի թավշյա հեղափոխությունը մտել է վճռորոշ փուլ։
Մայիսի 1-ին տեղի են ունենալու հանրապետության վարչապետի ընտրությունները։
Համաժողովրդական շարժումը վստահորեն մոտենում է իր սկսած պատմական գործընթացի հանգուցալուծմանը` հաղթահարելով մեկը մյուսի հետևից ծառացած արգելքները։
Հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարության օրերը կարելի է հաշվել երկու ձեռքի մատների վրա։
Ավելի անփառունակ վերջացավ այդ պաշտոնի մյուս հավակնորդի` Կարեն Կարապետյան «մրցավազքը», որն հպարտորեն ի ցույց էր դնում դիվանագիտական «հմտությունները», իր գերակայությունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` հատկապես բանակցային արվեստում։ Չնայած ներսի և դրսի ֆինանսական-քաղաքական ուժերի օգնությամբ Կարեն Կարապետյանի ձեռնարկած բոլոր ջանքերին, իր իսկ կուսակիցները որոշեցին չառաջադրել նրա թեկնածությունը այդքան երազած վարչապետական պաշտոնում։
Ավելին, ՀՀԿ հայտարարեց այն մասին, որ չի առաջադրելու իր թեկածուին վարչապետական աթոռի համար։
Գործող ռեժիմի հերթական պարտությունը կարելի է համարել այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆրակցիան անցնում է Փաշինյանի կողմը։
Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է լինել հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքերում մինչև հաղթական ավարտը։
Հիշեք, որ մեր, մեր երեխաների ու թոռների, ինչպես նաև Հայրենիքի ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից։
Ելնելով այս պարզ տրամաբանությունից և այբուբենական ճշմարտությունից կոչ եմ անում բոլորիդ մեկ մարդու պես մասնակցել մայիսիմեկյան համաժողովրդական ցույցին։
Դուք այնտեղ կտեսնեք ինձ, իմ ուսանողների հետ։
Եվս մի հարցի մասին։ Սոցանցերը ողողված են հաղորդագրություններով մոսկովյան պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի արգահատելի – ազգադավ քայլի վերաբերյալ։
Կիսելով հանդերձ իմ հայրենակիցների վրդովմունքը` գտնում եմ, որ սույն անձի հասցեին լավագույն պատասխանը պետք է լինի արհամարհանքը։
Միաժամանակ դիմում եմ իրավասու մարմիններին հետայսու արգելել նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն, իսկ մոսկովյան մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս խզել կապերը մի մարդու հետ, որն «ամաչում է իր ազգությունից»։
Կեցցե՜ Հայաստանը
Կեցցե՜ Արցախը
Կեցցե՜ փառապանծ հայ ժողովուրդը»: