«Մենք ձեր փորձը տեսանք, թե ինչի հասցրիք ժողովրդին, այ փորձված տականքներ». Սասուն Միքայելյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ, թեև իր ելույթները միշտ կարճ են, բայց դիպուկ են։
«Այս իշխանություններն իրենց գործունեությամբ հասել էին նրան, որ մենք իրար էինք բզկտում։ Բայց նրանց չհաջողվեց, որովհետև ժողովուրդն իմաստուն է, և նրա իմաստնությունը համախմբման մեջ է։ Այս համախմբումը, ի վերջո, վերջ կտա իշխանության գազանաբարո գործունեությանը։ Մի լոռեցի տատիկի ասում են՝ թոռդ ի՞նչ է անում, ասում է՝ բանաստեղծություն է գրում, հարցնում են՝ ի՞նչ բանաստեղծություն է գրում, պատասխանում է՝ Թումանյանի տերը թաղեմ, բան թողե՞ց, որ երեխեն գրեր։ Հիմա Նիկոլը բան թողե՞ց քաղաքական դաշտում, այն անձինք, որոնք քաղաքականությունն օգտագործեցին իրենց հարստացման, իրենց գործունեության, իրենց բարեկամների համար, Նիկոլը հատ-հատ քանդել է դա։ Եվ այս համախմբումը դրա հիմքն էր»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի նման առաջնորդ չի եղել։
«Մարդիկ կան, որ դարեր մեկ են ծնվում։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը հավաքվել է, որ Նիկոլին պարտավորեցնի՝ տեր կանգնել որբերին, անտերներին, որ մարդիկ հետ գան։ Նիկոլի ձեռքով մենք պետք է ունենանք ժողովրդավար պետություն։ Հիմա իշխանությունները հոխորտում են, թե նա անփորձ է։ Մենք ձեր փորձը տեսանք, թե ինչի հասցրիք ժողովրդին, այ փորձված տականքներ, հեռացեք այս երկրից»,- հայտարարեց նա։