«Որևէ մեկը դրսից՝ կլինի ամենաազդեցիկ մարդը կամ պետությունը, չի կարող ավելացնել քո արժանապատվությունը, բայց պակասեցնել կարող է». Ռուբեն Բաբայան
Մայիսի 1-ին Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկելու համար: Մինչ այդ, երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը՝ Երևանում անհնազանդության խաղաղ ցույցերի տեսքով, երկօրյա դադար է վերցրել:
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդն իր համակիրների հետ կլինի Գյումրիում և Վանաձորում: Այնուհետև, արդեն մայիսի 1-ի համար, Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած չկայացած երկխոսության ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, կոչ արեց բոլորին դուրս գալ փողոցներ, շրջափակել պետական նշանակության բոլոր շենքներն ու կառույցները և հատկապես՝ Ազգային ժողովի շենքը: Ըստ շարժման առաջնորդի՝ մայիսի 1-ին պատգամավորներն ունեն մեկ օրակարգ՝ հանգուցալուծել երկրում առկա ներքաղաքական ճգնաժամը, կամ խորացնել այն:
Երկրում տեղի ունեցող զարգացումների մասին 168.am-ը զրուցել է Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներին, որտեղ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Ռուբեն Բաբայանը նկատում է.
«Կարծում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունը, անկախ նրանից, ժամանակավոր են, թե ոչ ժամանակավոր, կարող են և պետք է իրար հետ քննարկեն միայն միջպետական նշանակության հարցերը, այլ ոչ ներքաղաքական:
Անկախ երկրի չափսերից և կախվածության այս կամ այն դրսևորումներից, աա պարզապես միջպետական էթիկայի, կարգուկանոնի և երկրի արժանապատվության հարց է: Չեմ կարծում, թե Ռուսաստանն իր երկրի ներքաղաքական հարցերը քննարկում է Հայաստանի կամ որևէ այլ երկրի հետ: Սա երկրի հանդեպ ունեցած հարգանքի հարց է, որովհետև, երբ ասում ենք՝ բարեկամական դիրքեր, առաջին հերթին՝ ենթադրում ենք, որ այդ դիրքերին պետք է վերաբերվել հարգանքով, սա նշանակում է՝ ճանաչել քո ինքնիշխանությունը և այն ամենը, ինչը կապ ունի քո երկրի ներքին հարցերի հետ:
Կարծում եմ՝ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հենարան են փորձում գտնել ոչ թե հասարակության ներսում և ժողովրդի շարքերում, այլ հանրապետության սահմաններից դուրս, ցանկացած այլ տեղ:
Պետք է նաև նկատեմ, որ սա նոր երևույթ չէ մեզանում, ընդհանրապես նման սովորություն եղել է: Երևի այդ քայլին գնացողները դեռևս երեխա ժամանակ այդ կերպ են դաստիարակվել, և հետո այն փողոցային հարաբերությունները, որոնք դեռահաս տարիքում են ունեցել, հիմա տեղափոխում են երկրի քաղաքական դաշտ: Սրանից պետք է հրաժարվել, որովհետև արժանապատվությունից առավել կարևոր հարց պարզապես գոյություն չունի: Որևէ մեկը դրսից՝ կլինի ամենաազդեցիկ մարդը կամ պետությունը, չի կարող ավելացնել քո արժանապատվությունը, բայց պակասեցնել կարող է, սա միանշանակ է»:
Խոսելով Ծառուկյան-Փաշինյան համագործակցության ընթացքից, այն ֆոնին, երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան համագործակցության փորձերը Փաշինյանի կողմից խիստ քննադատության էին արժանացել, Ռուբեն Բաբայանը նշում է՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրված օրակարգում.
«Եթե ժամանակին Տեր-Պետրոսյանը Ծառուկյանի հետ Ազգային ժողով անցնելու և որոշակի կոալիցիա կազմելու խնդիր էր դնում, սա այլ հարց է: Որքանով տեսնում ենք՝ այսօր օրակարգում բոլորովին այլ որակի խնդիր է դրված, և ես շատ կցանկանայի, որ բոլոր քաղաքական ուժերն իրենց առջև դնեին մեկ խնդիր, որի շուրջ կարելի կլիներ միավորվել: Այդ խնդիրն այսօր հետևյալն է՝ անցկացնել բաց, արդար, վստահելի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս նպատակին անցնցում հասնելու համար կարելի է համագործակցել բոլորի հետ, իսկ արդեն հետո, երբ կկազմավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է խորհրդարանի միջոցով որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարի՝ ռեյտինգային համակարգում, մտցնելով որոշակի վերահսկողական ֆունկցիաներ, ժամանակավոր վարչապետին զրկի այս սուպերվարչապետի լիազորություններից, իսկ դա նշանակում է՝ այդ լիազորություններից որոշակիները կհանձնվեն Ազգային ժողովին, գուցե որոշակի լիազորություններ վերադարձվեն հանրապետության նախագահին:
Եթե կան այսօրինակ խնդիրները լուծելուն միտված ցանկություններ, ապա ցանկացած բանական փոխհամագործակցություն ընդունելի է: Վստահ եմ, որ այսօր երկրի ներսում ստեղծված իրավիճակը բոլորին է հետաքրքրում և մտահոգում, և այս իրավիճակի շուրջ, որն է՝ ազնիվ արտահերթ ընտրությունների անցկացումը, չեն կարող լինել ընդդիմախոսներ: Իսկ թե որքանով են համագործակցող կողմերի քաղաքական հայացքները, գեոպոլիտիկ շահերը կամ տնտեսական հետաքրքրությունները կամ բարոյական կեցվածքներն իրարից տարբերվում, դա արդեն մի հարց է, որը պետք է քննարկել գերխնդրի բարեհաջող հանգուցալուծումից հետո, ինչպես ռուսներն են ասում՝ «мухи отдельно, котлеты отдельно»»:
«Նույն Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ամենատարբեր ուժերի ներկացուցիչների, դեսպանների, ՀՀ նախագահի հետ, որոնք ընթացել են առանց լրագրողների ներկայության»
Մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի կողմից տարածած հայտարարությանը, որով Կարեն Կարապետյանը հրաժարվել էր ընդունել Նիկոլ Փաշինյանի կողնից առաջարկված երկխոսության առաջարկը, Ռուբեն Բաբայանն ընդգծում է՝ դրանք բանակցություններ համարել չի կարելի.
«Բանակցությունները լրագրողների ներկայությամբ չեն կատարվում, սա միանշանակ է: Եթե անգամ լինեին բանակցող 10 կողմ և 1 լրագրող, ապա բոլոր10 կողմերը կխոսեին այդ մեկ լրագրողի համար: Սա ավելի շուտ այն էր, ինչ ավելի վաղ հնչեցվում էր Հանրապետության հրապարակի հարթակից՝ կապիտուլյացիա, որը, ըստ էության, պետք է տեղի ունենար արդեն լրագրողների անմիջական ներկայությամբ:
Ուրեմն ընդգծենք, որ անձամբ ես սա միանշանակ բանակցություններ չեմ համարում: Բոլոր այն հնչեցված փաստարկները, թե ժողովուրդն անպայմանորեն պետք է քաջատեղյակ լինի դեպքերի զարգացումներից, ապա նկատենք նաև, որ այս օրերին նույն Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ամենատարբեր ուժերի ներկացուցիչների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մեծ թվով դեսպանների, ընդհուպ՝ մինչև ՀՀ նախագահի հետ, որոնք ընթացել են առանց լրագրողների ներկայության: Սա, անկասկած, չի նշանակում, թե այդ հանդիպումները հասարակության կողմից վստահություն չեն ներշնչում:
Ուրեմն, այդօրինակ «բանակցություններ» հասկացողությունը վերացնենք, որովհետև անձամբ ես շատ պրակտիկ մարդ եմ և սիրում եմ երևույթները կոչել իրենց իսկական անուններով: Բոլոր դեպքերում ես միշտ կողմ եմ եղել բանակցային սեղանին, բայց բանակցություններն արդյունավետ են, եթե գոնե մի քիչ պատրաստված են լինում, իսկ երբ գոյություն ունեն բանակցային այնպիսի բևեռային մոտեցումներ, ինչպիսիք մենք տեսնում ենք վերջին շաբաթների ընթացքում, ապա պետք է ստեղծել մի հարթակ, որը կապահովի այդ բանակցությունների խաղաղ և արդյունավետ ընթացքը:
Ի դեպ, այդպիսի հարթակ կա, ես տեսնում եմ. դա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի
Հանրապետությունների նախագահներն են: Պետք է հստակ գիտակցել՝ բոլոր այն պրոցեսներում, որոնք այսօր կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, պետք է անվերապահ մասնակցություն ունենա նաև Լեռնային Ղարաբաղը: Ուրեմն, եթե բանակցող երկու կողմերը համաձայնության գան այդ հարթակում, առանց լրագրողների ներկայության բանակցություններ վարեն, ապա միանշանակ կգտնվեն ստեղծված իրավիճակի ամենաարդյունավետ և երկու կողմից ընդունելի տարբերակները»:
«Այն վարչապետը, ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը՝ անցկացնելու Ազգային ժողովի արդար և ազատ ընտրություններ, այս պահին միայն Նիկոլ Փաշինյանն է»
Մեր հարցին՝ ո՞ւմ է Ռ. Բաբայանը տեսնում հանրապետության ապագա վարչապետի պաշտոնում, պատասխանում է՝ պետք է կազմավորվի ժամանակավոր կառավարություն, որի հիմնական խնդիրը կլինի մեկը՝ պահպանել երկրի զարգացման օրինաչափ ընթացքը, որպեսզի անխափան աշխատեն բոլոր պետական ստրուկտուրաները, այդ ընթացքում ամենակարճ ժամկետներում նախապատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին.
«Երկրի նորընտիր վարչապետը պետք է ունենա հակակշիռներ, այսինքն, նրա տեղակալները կամ գոնե առաջին տեղակալը պետք է լինեն հակառակ ճամբարից: Սա ոչ թե զուտ ընդդիմություն ապահովելու, այլ վերահսկողական էլեմենտ է: Նա, ով իր վրա կվերցնի երկրի վարչապետի ժամանակավոր կառավարության ֆունկցիաները, պետք է երաշխավորի, որ չի հավակնում հետագայում ստանձնելու երկրի վարչապետի պարտականությունները:
Նա պետք է ղեկավարի միայն ու միայն այս շրջանի համար: Այս տեսակետից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ բողոքի ելած հանրությանն այդքան հետաքրքրում է այդ հարցը, և նա երկրի վարչապետի հետ է կապում երկրում գլոբալ փոփոխությունների բոլոր հույսերը, ապա այդ վարչապետը, ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը՝ անցկացնելու Ազգային ժողովի արդար և ազատ ընտրություններ, այս պահին միայն Նիկոլ Փաշինյանն է»: