«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանել է Հաղթանակ թաղամասում իրականացված պլանային աշխատանքները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարզաբանել է Հաղթանակ թաղամասում ապրիլի 26-ին իրականացված պլանային աշխատանքները։
«Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, որ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ:
Հիշեցնում ենք, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 9:00-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 18:00-ն նախատեսված էր դադարեցնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների և թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:
Ներմիացման աշխատանքների մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հեռուստատեսությամբ և զանգվածային այլ լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեկացրել էր դեռ ապրիլի 25-ին:
Աշխատանքներն ավարտվել են նախանշվածից շուտ՝ ապրիլի 26-ին, ինչից հետո մեկնարկել են գազաթողարկման աշխատանքները:
Հաշվի առնելով, որ աշխատանքներն ավարտվել են հայտարարված ժամկետից շուտ, բաժանորդների գազամատակարարման անվտանգ վերականգնման անհրաժեշտությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համապատասխան աշխատողներն իրականացրել են բաժանորդների հրահանգավորում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվել է բացառապես վերը նշված թաղամասի գազազրկված բաժանորդների ստորագրմանը»: