«Արսենալ»-«Ատլետիկո». կդիմադրե՞ն լոնդոնցիները՝ առանց Մխիթարյանի
Այսօր երեկոյան «Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կկայանա «Արսենալ»-«Ատլետիկո» հանդիպումը: Լոնդոնյան ակումբի համար նշանակությամբ երկրորդ մրցաշարը մյուս տարի եվրագավաթներում խաղալու միակ հնարավորությունն է: Կկարողանա՞ն զինագործներն ապահովել հարմար հաշիվ Մադրիդ մեկնելուց առաջ:
«Արսենալ»
Արսեն Վենգերի դարաշրջանը լոնդոնյան ակումբում մոտնում է ավարտին: Իհարկե, Վենգերը կփորձի հեռանալ բարձր ծափահարությունների ներքո՝ բարձրացնելով Եվրոպա լիգայի գավաթը:
Լոնդոնյան ակումբի մրցակիցը մրցաշարի մյուս ֆավորիտն է, և այսօր սպասվում է այն խաղը, որը շատերը պատրաստվում էին դիտել եզրափակչում:
«Արսենալի» ֆուտբոլիստները նախատեսում են դրական հաշվով ավարտել խաղը սեփական հարկի տակ, որպեսզի Մադրիդում խաղան առանց ավելորդ լարվածության:
Լոնդոնյան ակումբը, սակայն, այս ամենակարևոր խաղին չի հայտավորել մի քանի առաջատարների, ովքեր վնասվածքներ ունեն, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանն ու Մուհամեդ Էլ-Նենին: Հարցականի տակ է Մեսութ Օզիլի և Ջեկ Ուիլշիրի մասնակցությունը:
«Ատլետիկո»
Մադրիդյան ակումբը գրեթե ապահովել է 2-րդ հորիզոնականը Լա լիգայում, սակայն միակ գավաթը, որ թիմը կարող է նվաճել այս մրցաշրջանում, Եվրոպա լիգան է: «Ատլետիկոն» իր ճանապարհը սկսել էր Չեմպիոնների լիգայից, սակայն հայտնվել էր Եվրոպա լիգայում և դարձել այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը:
Մադրիդյան ակումբը պարաստվում է այս խաղին շատ մարտական կազմով: Թիմի կազմում բացակայելու են միայն Խուանֆրան Տորրեսը և Ֆիլիպե Լուիսը:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
• «Արսենալը» Եվրոպա լիգայի տնային 9 խաղերում պարտվել է միայն մեկ անգամ
• «Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթել է 6 անգամ՝ վերջին 7 խաղերում
• «Ատլետիկոն» հաղթել է Եվրոպա լիգայում 2010 և 2012 թվականներին
• «Ատլետիկոն» հյուրընկալվելիս գոլ է բաց թողել վերջին 8 խաղերում
Կանխատեսում
«Արսենալը» շատ մոտ է նրան, որ անցկացնի իր վատագույն մրցաշրջանն Անգլիայի Պրեմիեր լիգայում վերջին 23 տարիներին: Սակայն մրցաշրջանի ավարտին լոնդոնյան ակումբը թափ է հավաքել և տնային խաղերում հավասարը հավասարի պես է խաղում բոլոր մրցակիցների հետ: Մադրիդյան ակումբն ունի ամենաուժեղ կազմը Եվրոպա լիգային մասնակցող բոլոր ակումբներից: Թիմն ունի ամենաուժեղ պաշտպանական գծերից մեկը, իսկ հարձակման գծում խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Գրիզմանն ու Կոստան: Այնպես որ, մադրիդցիների հաղթանակն ավելի հավանական է: Մյուս կողմից՝ լոնդոցիները սեփական հարկի տակ դեռևս լուրջ խնդիրներ չեն ունեցել:
Սիրարփի Աղաբաբյան