Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Կարեն Կարապետյանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօրվա հանրահավաքին ասաց, որ, եթե անգամ փորձ արվի ՀՀԿ-ական որևէ թեկնածուի առաջադրել վարչապետի պաշտոնի համար, ապա ժողովուրդը կշրջափակի ԱԺ շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը. «Ես այս պահին Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք։ Ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի կարող համարձակվել կասկածի տակ դնել այս փաստը։ Ով կասկածի տակ դնի այս փաստը, վերջում հրապարակային կխոստովանի իր սխալ լինելը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը»։
Նա նշեց, որ քաղաքական այս պրոցեսը չի վնասում տնտեսությանը, գործարարներն ահաբեկված չեն. «Եթե Հայաստանի ամենախոշոր արտահանողներից մեկը՝ «Գրանդ հոլդինգը», միանում և ողջունում է այս հեղափոխությանը, նշանակում է, որ այս հեղափոխության հաղթանակի անխուսափելի պտուղներից մեկը լինելու է ՀՀ թռիչքաձև զարգացումը»։