«40 տարեկան եմ, խաբում եմ երեխաներիս՝ ասելով, թե գնում է աշխատանքի, բայց գալիս եմ այստեղ». Հայկ Մարության
«Երբ 1988-ին ես ընդամենը 12 տարեկան էի, ես և եղբայրս փախչում էինք տնից, ծնողներին խաբում էինք, որ գնում ենք բակ խաղալու և գալիս էինք Ազատության հրապարակ։ Մենք չէինք վախենում ոչ մի բանից, որովհետև այդ օրերին օդում կանգնած էր ազատության, համերաշխության և սիրո շունչը»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց դերասան Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ 30 տարի անց՝ 2018թ., երբ արդեն 40 տարեկան է, խաբում է իր երեխաներին՝ ասելով, թե գնում է աշխատանքի, բայց գալիս Հանրապետության հրապարակ։
«Որովհետև այստեղ նույնպես կանգնած է ազատության, համերաշխության և սիրո շունչը»,-ասաց դերասանը։
Մարությանի խոսքով՝ ապրիլի 23-ին մեծ հաղթանակ ունեցան. «Եվ ընդամենը մի փոքր անց փորձում են այս հաղթանակը մեզանից խլել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ գրասենյակում «Կոկա-կոլա»-ի շիշ է դրված, բացում են ու խցանի վրա կարդում՝ կրկին փորձիր։ Փակեք այդ «Կոկա-կոլա»-ի շիշը, քանի մեջից ժողովրդի ջղայնության ջինը դուրս չի եկել»։
Դերասանն ասաց, որ հասունացել է պահը, որ Հայաստանում լինեն արդար ընտրություններ. «Եվ վերջապես խորհրդարանում տեսնել այն մարդկանց, ում մենք իրոք ընտրել ենք։ Այդ պահը եկել է, որովհետև մենք արժանի ենք դրան։ Շատերը փորձում են խեղաթյուրել այս շարժումը՝ ասելով, թե սա պաշտոնի կռիվ է․ ծիծաղելի է։ Իրականում, այս պահին մենք բոլորս եկել ենք այն մտքին, և այս պահին մենք կարողանում ենք վստահել՝ անցկացնել այդ արդար, ազատ, թափանցիկ ընտրությունները, աշխարհում ընդամենը մենք հոգու՝ Նիկոլ Փաշինյանին։
Դրա արդյունքում կունենանք ազատ, անկախ Հայաստան, իսկ այդ դեպքում սահմանին կանգնած մեր զինվորները կիմանան ինչի և ում համար են դա անում, և միշտ անելու են դա, որովհետև իրենց մեջքին կանգնած ենք մենք, որ ամեն վայրկյան կվազենք և կկանգնենք իրենց կողքին»։